14:19 | 02.08.16 | Հոդվածներ | exclusive 20729

Servicebrok-ը կենցաղային ծառայությունները ձեր տուն «կբերի»

Գործարկվել է Servicebrok հայկական հարթակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին հավելվածի միջոցով կատարելով պատվեր եւ ֆիքսված սակագնով տանը ստանալ նախընտրած ծառայությունները՝ սկսած տան մաքրությունից մինչեւ վարսահարդարում:

Servicebrok-ը հասանելի է AppStore-ում եւ PlayMarket-ում: Շուտով կգործի նաեւ Desktop տարբերակը՝ նախատեսված Windows-ի եւ Mac-ի համար:

Itel.am-ի հետ զրույցում Servicebrok-ի պրոդուկտ մենեջեր Ռայա Պետրոսյանը նշել է, որ սա «ծառայությունների առաքման եւ սպասարկման նոր ձեւաչափ եւ որակ է հայկական շուկայում»։

«15 օր առաջ ենք գործարկվել, եւ այս պահին ունենք շուրջ 1300 օգտատեր: Նախատեսում ենք առաջիկա 3 ամիսների ընթացքում օգտատերերի թիվը հասցնել 7000-ի»,- նշել է նա:

Servicebrok-ի թիրախում երիտասարդ կանայք եւ տղամարդիկ են, որոնց օրվա գրաֆիկը հագեցված է, եւ որոնք ժամանակ չեն կարող վատնել առօրյա հոգսերի վրա:

«Այս պահին հայկական շուկայում նմանատիպ մրցակից ծրագրեր առկա չեն: Մենք ստուգում ենք բոլոր գործակալներին, եւ բոլորն աշխատում են նույն ֆիքսված գնացանկով, որն ավելի մատչելի է շուկայում առկա մյուս տարբերակներից։ Նշեմ նաեւ, որ մոբայլ հավելվածով աշխատելը շատ ավելի պրակտիկ է»,- ընդգծել է Ռայա Պետրոսյանը:

Հարթակում այս պահին ներկայացված է 12 ծառայություն, որոնցից յուրաքանչյուրն ունի մի շարք ծառայությունների ցանկ:

Ռայա Պետրոսյանն ընդգծել է, որ Servicebrok-ում ծառայությունների ցանկը բավական լայն է՝ հնարավոր է պատվիրել, օրինակ, 4 կամ 6 նստատեղով մեքենա՝ Երեւանից դեպի Հայաստանի յուրաքանչյուր մարզ:

Նա կարեւորել է այն հանգամանքը, որ բոլոր ծառայությունների սակագները ֆիքսված են։

«Նույն ֆիքսված սակագներով սպասարկում ենք ինչպես հայաստանաբնակներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Կայքում նշված են այն ծառայությունները, որոնք այս պահին հասանելի են։ Պլանավորվում է նաեւ մի շարք այլ ծառայությունների ավելացում։ Մեր նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր եւ մեր հաճախորդներին սպասարկել հենց իրենց տանը։ Եվրոպայում դա վաղուց հաստատված ծառայությունների սպասարկման առօրյա տեսակ է: Կարծում ենք, որ հայկական շուկան արդեն պատրաստ է այդ նոր ձեւաչափին։ Մենք ունենք մոտ 200 գործակալ, որոնց թիվն օր օրի պատվերների հետ աճում է։ Պետք է նաեւ նշել, որ բոլոր գործակալներն որակավորված մասնագետներ են, որոնք անցնում են իրենց բաժնին համապատասխան ստուգում։ Ունենք մի շարք ծառայություններ, որոնց սպասարկման համար պահանջվում են վերապատրաստումներ եւ սերտիֆիկատներ։ Որպես օրինակ, մերսման բաժնի պատվերները սպասարկում են միայն բժիշկ ֆիզիոթերապեւտներ: Չունենք ֆիքսված աշխատավարձ գործակալների համար. յուրաքանչյուր մասնագետի աշխատավարձը կախված է իր կատարած պատվերների քանակից»,- եզրափակել է նա:

Նարինե Դանեղյան