10:03 | 12.07.16 | Նորություններ | 3055
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն յոթերորդ տարին անընդմեջ իրականացնում է ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագիր: Այն օժանդակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների՝ հատուցելով նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին ու փոխադրվեն հաջորդ կուրս:
Իրականացված ներդրման արդյունքում բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել ծրագրում ընդգրկված շուրջ 750 ուսանողի: Յոթ տարվա ընթացքում այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արդեն իսկ հատկացվել է 705.9 միլիոն դրամ:
«Սովորելու ձգտում ունենալն ու այդ հնարավորությունից զրկված լինելը կյանքի ամենամեծ անարդարություններից է: Չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի անդամների մի մասը զրկված է բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռնվի սովորել եւ հասնել մրցակցային առավելության թե՛ աշխատաշուկայում, եւ թե՛ հասարակական կյանքում: Ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրի նպատակը սոցիալական անարդարության հաղթահարումն է՝ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհով: Կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: