07:33 | 12.07.16 | Հոդվածներ | exclusive 6089

Հայտնի են #inno4health սոցիալական նորարարության ճամբարի հաղթողները

Հուլիսի 8-10-ը Աղվերանում «Կոլբա Լաբ»-ը կազմակերպել էր #inno4health սոցիալական նորարարության ճամբարը, որի նպատակն էր գտնել Հայաստանում առկա առողջապահական խնդիրների նորարար տեխնոլոգիական լուծումներ:

Itel.am-ը մասնակցել է եռօրյա ճամբարին եւ պատմում է դրա ընթացքի մասին:

Հաղթողների մասին

100-ից ավելի հայտերից ճամբարին մասնակցելու իրավունք էր ստացել 5 գաղափար:

Մասնակցում էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, այդ թվում՝ դիզայներներ, ծրագրավորողներ, բիզնեսի եւ մարքեթինգի մասնագետներ, հոգեբաններ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, որոնք ճամբարի շրջանակում միացել են 5 թիմերին եւ մասնագիտական խորհուրդներով օգնել մշակել դրանց նորարար լուծումների նախատիպերը:

5 թիմերի փիչինգին հաջորդել է ժյուրիի քննարկումը եւ մրցանակաբաշխությունը:


Լուսանկարը` «Կոլբա Լաբ»

Առաջին տեղը գրավել է Սաթենիկ Գրիգորյանը` PanDoc մոբայլ հավելվածով:

Itel.am-ի հետ զրույցում հավելվածի հեղինակը պատմել է, որ ծրագիրը կապող օղակ է բժիշկների եւ հիվանդների միջեւ:

«Հավելվածի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան հարցերի միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը: Հավելվածի առկա դաշտում օգտատերը կնշի այն խնդիրը, որն իրեն անհանգստացնում է, իսկ հավելվածը, հագեցած լինելով բոլոր ոլորտներին վերաբերող առաջնային կոնսուլտացիաների ժամանակ տրվող հարցերով, կօգնի գտնել համապատասխան մասնագետին»,- նշել է նա:

Սաթենիկ Գրիգորյանի խոսքով՝ Doctors.am կայքի շրջանակում ունենալով 7 տարվա փորձ, հասկացել է, որ նորարար լուծումներով բժշկի եւ հիվանդի հաղորդակցությունը հեշտացնելու խնդիր կա:

«Շատերը բախվում են հիվանդանոցներում առկա հերթերին, սխալ մասնագետի ընտրության խնդրին, ինչի հետեւանքով հիասթափվում են, ավելորդ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսում: Հավելվածը ստեղծելիս օգտագործելու ենք Doctors.am-ի մեծ բազան: Սակայն հավելվածը նման չի լինի կայքին եւ նորարարություններ կունենա»,- նշել է Սաթենիկ Գրիգորյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրած առաջին նախագիծը մոբայլ հավելված է, որի նպատակն է նպաստել աուտիզմով սպեկտրի խանգարումներով երեխաներին լինել հնարավորինս ինքնուրույն իրենց առօրյա գործողություններում եւ հասնել մաքսիմալ շփման շրջակա միջավայրի հետ։

Գայանե Հովհաննիսյանի մշակած հավելվածը թույլ է տալիս կազմակերպել եւ հետեւել առօրյա գործողությունների կատարմանը, «Սոցիալական պատմությունների» միջոցով երեխաների մոտ զարգացնել շփման եւ խաղի մակարդակը, հետեւել երեխաների քայլերին՝ նրանցից հեռու լինելով։

Երկրորդ տեղը զբաղեցրած մյուս նախագիծը «Առողջապահական հաշտարար» ինտերնետային պլատֆորմն է, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց հուզող հարցը՝ առողջապահության ծառայությունները կարգավորող օրենքների ու ընթացակարգերի մեկնաբանության կամ կոնկրետ դեպքերի վերաբերյալ եւ ստանալ փորձագիտական պատասխան կամ ուղղորդում փորձագետի կողմից՝ իրենց խնդիրը ճիշտ լուծելու վերաբերյալ: 

Սաթիկ Բադեյանի մշակած նախագծի նպատակն է նպաստել հիվանդների եւ բուժաշխատողների իրազեկության բարձրացմանը ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ: Այն կարող է նաեւ միջնորդի դեր ստանձնել հիվանդի եւ բուժհաստատության միջեւ տարբեր պատճառներով ծագած վեճերը եւ խնդիրները լուծելու հարցում:

Մրցանակների մասին

«Կոլբա» նորարարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ ընտրված երեք թիմերը մտնում են ինկուբացիոն փուլ, որ նախատեսում է $3 հազ. ֆինանսավորում եւ ինկուբացիոն փուլային աջակցություն:


Լուսանկարը` «Կոլբա Լաբ»

«Այժմ թիմերը պետք է գրեն բիզնես պլան եւ գործողությունների ժամանակացույց: Կփորձենք ընդհանուր մրցանակային ֆոնդը 3 տեղերի վրա բաշխել եւ լրացուցիչ ֆանդռեյզինգ իրականացրել»,- նշել է Մարինա Մխիթարյանը:

Ժյուրիի մասին

Ժյուրիի կազմում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից:

Ժյուրիի անդամ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ ժյուրին ընտրություն կատարելիս առաջնորդվել է կարեւորության եւ հասանելիության սկզբունքով:

«Առաջին տեղը զբաղեցրած նախագիծն իսկապես արժանի էր, եւ ժյուրին այս հարցում համակարծիք էր: Ցանկալի է, որ հաղթող նախագիծը կապ ունենա նաեւ ռեալ գործընթացների հետ՝ օրինակ, որ մարդը հավելվածի միջոցով ունենա հնարավորություն՝ պատվիրելու անալիզները իր նախընտրած վայրում կամ նախօրոք տեղեկացվի, թե որքան գումար է վճարելու: Ինչ վերաբերում է «Առողջապահական հաշտարար» նախագծին, ապա կարծում եմ, որ այն պետք է լինի հավաքական վայր՝ հիվանդների համար՝ իրենց շահերի պաշտպանության առումով: Այդ դեպքում այն հաջողություն կունենա: Աուտիզմին վերաբերող նախագծի դեպքում էլ կցանկանայի, որ այն նաեւ երեխաների ներգրավման խնդիրը լուծեր, ինչն ավելի պիտանի կլիներ»,- հաղթող նախագծերի մասին նշել է Կարեն Վարդանյանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ցանկացած օնլայն նախագիծ պետք է տեղայնացվի, քանի որ միայն որպես օնլայն նախագիծ մնալու դեպքում այն չի կարող հաջողության հասնել:

Նարինե Դանեղյան