08:47 | 08.07.16 | Հոդվածներ | exclusive 4306
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը հիմնվել է 2005թ.: Պարգեւը շնորհվում է ամեն տարի բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին եւ աշակերտներին, որոնք ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի եւ բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ, ներգրավված են հասարակական ծրագրերում եւ այլն:
Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության խորհրդի եւ հանձնաժողովի կողմից: Այս տարի մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 19-ին նախագահական նստավայրում:
Պարգեւը ներառում է դիպլոմ, դրամական պարգեւ եւ ՏՏ ոլորտի հուշախորհրդանիշ:
Այս օրերին հանձնաժողովը հարցազրույցներ է անցկացնում մասնակից բուհերից հավակնորդների հետ: Itel.am-ը մասնակցել է հարցազրույցների փուլին՝ զրուցելով հանձնաժողովի անդամների եւ մասնակիցների հետ:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյան
Ծրագրին մասնակցում է 7 ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության դպրոց եւ 5 համալսարան, որոնք լավագույնն են հանրապետությունում:
Անվանակարգերն են՝ գլխավոր մրցանակ, լավագույն ասպիրանտ, լավագույն մագիստրոս, լավագույն բակալավր, լավագույն սփյուռքահայ մասնակից, լավագույն ուսանողուհի, լավագույն աշակերտ:
Կարեւոր է այն հանգամանքը, որ մրցույթն անցկացվում է ոչ թե բոլոր համալսարանների եւ դպրոցների միջեւ, այլ հավասար քվոտաներ ենք տվել յուրաքանչյուրին: Հետեւաբար, յուրաքանչյուր համալսարանից ըստ անվանակարգերի ընտրվելու են լավագույնները:
Յուրաքանչյուր անվանակարգի համար հաստատությունն առաջադրում է 10 ուսանողի թեկնածություն, իսկ վերջնական ընտրությունն իրականացնում է հանձնաժողովը՝ յուրաքանչյուրի հետ հարցազրույցների արդյունքում:
Նպատակն է բացահայտել ՏՏ-ում լավագույն պատանիներին եւ երիտասարդներին, եւ խրախուսել նրանց՝ շարունակելու իրենց ուղին հենց այս ոլորտում: Տեսնում ենք, որ տարեցտարի դիմորդներն ավելի հասունանում եւ ավելի լուրջ են դառնում: «Երկրի տերը» լինելու ցանկությունը եւ զգացողությունն իրականում կա, մեր խնդիրն է նրանց օգնել:
Եթե մենք ասում ենք, որ ՏՏ-ն Հայաստանում ամենամրցունակ ոլորտն է եւ միաժամանակ նշում, որ 3000 մրցունակ կադրերի պակաս կա, ապա նշանակում է, որ աշխատելու դեռ շատ բան ունենք, որպեսզի այդ երիտասարդները բուհն ավարտելուց հետո պահանջված լինեն:
Պատահական չէ, որ շատ անդրազգային կորպորացիաներ ցանկանում են մուտք գործել Հայաստան. դրան նպաստում է հանգամանքը, որ այստեղ արդեն գործում են Մայքրոսոֆթը, Սինոփսիսը: Սակայն, երբ ուսումնասիրում են շուկան, նկատում են որակյալ կադրերի պակաս: Ստացվում է, որ Հայաստան մուտք գործելու դեպքում այդ ընկերությունը պետք է այլ ընկերություններից իր համար կադրեր տանի:
Հայաստանն ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, քան կարողանում է ցույց տալ: Պետության գործն է իրականացնել այնպիսի ոչ ստանդարտ քայլեր եւ մշակել այնպիսի օրենսդրություն, որ ոլորտը զարգանա:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյան
Նախկինում տեսնում էինք միտում, որ ամենափայլունը դպրոցականներն էին, հետո որքան մեծանում են՝ այնքան բուհական կրթության արդյունքում միտքը սահմանափակվում է նեղ մասնագիտական հարցերով, ավելի ոչ կրեատիվ մտածելակերպ է ձեւավորվում: Սակայն այս տարի օրինակ վիճակը բարելավվել է: Այս հարցազրույցներն օրինակ թույլ են տալիս մեզ հասկանալ եւ վերլուծել Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացները՝ երիտասարդների աչքերով:
Ի սկզբանե որոշել էինք, որ այն երեխաները, որոնք այս տարիների ընթացքում արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին, միավորվեն Winners club-ում: Վերջինիս նպատակն է աջակցել երիտասարդներին համագործակցել, միգուցե, նաեւ ինչ-որ հետաքրքիր նախագծեր միասին իրագործել:
Նշեմ նաեւ, որ մրցանակի նախաձեռնողները հետագայում դարձել են ՏՀՏ գործատուների միության հիմնադիրներ:
Լեւոն Հախոյան, Սլավոնական համալսարան, ասպիրանտուրա
Մրցույթին մասնակցում եմ արդեն 2-րդ տարին: Այս ընթացքում մի քանի հոդված եմ հասցրել տպագրել, մասնակցել միջազգային եւ համահայկական մի շարք կոնֆերանսների: Այստեղ հավաքված բոլոր երիտասարդներն էլ շատ խելացի են, ու հնարավոր էլ չէ մեկ տարում բոլորին պարգեւատրել, դրա համար շատերը դիմում են մի քանի տարի շարունակ:
10 տարի անց ինձ պատկերացնում եմ Հայաստանում՝ սեփական ընկերություն հիմնադրածի կարգավիճակով:
Հայկ Սարգսյան, Սլավոնական համալսարան, մագիստրատուրա
Երկրորդ տարին եմ մասնակցում: Մեկ տարում փոխվել է այն, որ որոշել եմ շարունակել ուսումս ասպիրանտուրայում՝ «նանոտեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ:
ԻՏՁՄ նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբերի կազմում եմ, որոնք տեխնոլոգիաների միջոցով փորձում են զարգացնել ռազմարդյունաբերությունը: Աշխատում ենք ստեղծելու մեր տեխնոլոգիաները, քանի որ ցանկացած պահի մեր արտաքին դաշնակիցները կարող են մեզ միայնակ թողնել: Մեր տեխնոլոգիաները թույլ կտան, որ մարդկային զոհերն ավելի քիչ լինեն, բացի այդ, աշխարհը կտեսնի, որ մենք ընդունակ ենք՝ նման բաներ ստեղծելու: Այդ աշխատանքային խմբերում իմ տարեկիցներն են աշխատում, ինչը ինձ շատ է ոգեւորում:
Ես հպարտ եմ, որ հայ եմ, հայերը շատ խելացի են, մարտունակ, պարզապես պետությունը պետք է կարողանա համախմբել մեր սերնդին, որպեսզի մենք, մեր հերթին, կարողանանք մեզ դրսեւորել:
Էդգար Մարկոսով, Սլավոնական համալսարան, ասպիրանտուրա
Մի քանի տարի է, ինչ մասնակցում եմ մրցույթին, սակայն այս տարվա հարցազրույցս, իմ կարծիքով, ամենալավը ստացվեց:
Ասպիրանտական թեզս վերաբերում է լուսանկարների մշակմանը՝ օբյեկտներ ճանաչելու նպատակով: Լուծումը կարելի է կիրառել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմարդյունաբերական եւ բժշկական: Նման լուծումներ շատ կան աշխարհում, սակայն այս լուծման առավելությունն այն է, որ ավելի արագ է աշխատում եւ կարողանում է ճանաչել, օրինակ, անտառում թաքնված թշնամուն կամ նրա տանկը: Այդ դեպքում տագնապի ազդանշան է տրվում, եւ հնարավոր է դառնում արագ հակազդել:
Նարինե Դանեղյան