06:54 | 06.07.16 | Հոդվածներ | exclusive 16765

Mathuk. Սովորել մաթեմատիկա հավելվածի միջոցով

Գործարկվել է Mathuk անվճար հավելվածը, որը մաթեմատիկա սովորեցնող օնլայն թեստավորման համակարգ է:

Մեկ ամիս առաջ գործարկված հավելվածը հասանելի է Google Play-ում եւ ունի շուրջ 400 օգտատեր:

Itel.am-ի հետ զրույցում հավելվածի հիմնադիր Դավիթ Նիկողոսյանը պատմել է, որ թիրախում 10 տարեկանից բարձր բոլոր այն մարդիկ են, որոնք ցանկանում են խորացնել իրենց մաթեմատիկական գիտելիքները:

Mathuk-ն ապահովում է բազմալեզու ուսուցում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն եւ ֆրանսերեն:

Հավելվածը ներառում է տեսական նյութեր, դինամիկ խնդիրներ, որոնց պահանջներն անընդհատ փոփոխվում են, թեստավորման համակարգ (մասնակիցների ուղարկած պատասխանները ստուգվում են անմիջապես եւ մասնակիցը տեղեկանում է արդյունքի մասին (ճիշտ/սխալ)): Կարելի է օգտվել հուշումներից, ինչի պարագայում հավաքած միավորները նվազում են: Լուծումները հասանելի են դառնում միայն խնդիրը ճիշտ լուծելուց հետո:

Հավելվածում, մասնակիցների անհատական ցուցանիշներից բացի, առկա է մասնակից երկրների վարկանիշ:

Դավիթ Նիկողոսյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են հավելել օնլայն քննություն անցկացնելու գործառույթ:

Ապագայում կպատրաստվի նաեւ հավելվածի iOS տարբերակը:

Նարինե Դանեղյան