08:37 | 14.06.16 | Նորություններ | 4302

Հայաստանում ծրագրային ապահովման 86%-ը ոչ լիցենզավորված է

«2016 Global Software Survey» ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում 2015թ. համակարգիչների վրա տեղադրված ծրագրային ապահովման 86%-ը եղել է ոչ լիցենզավորված։ Անցյալ տարվա համեմատ հենության մակարդակը մնացել է նույնը։

Ինչպես հաղորդում է Մայքրոսոֆթ Հայաստանը, ուսումնասիրությունն իրականացրել է «Ծրագրային ապահովման ալիանսը»:

Հայաստանում հենության մակարդակը մնացել է նույնը, մինչդեռ կիբեր սպառնալիքների ռիսկերը գնալով աճում են: Հետխորհրդային երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործումը նվազել է 1-6 տոկոսով։ Հենության դեմ պայքարի լավագույն արդյունք ցույց է տվել Վրաստանը։ Հյուսիսային Ամերիկայի երկրներում ոչ լիցենզավորված ծրագրային ապահովման օգտագործման մակարդակը նվազել է մինչեւ 17%, Արեւմտյան Եվրոպայի երկրներում՝ 1%-ով՝ կազմելով ընդհանուր 28%:

Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի ընկերություններին, ապա հենության մակարդակն այդ երկրներում կազմում է՝ Ռուսաստանում՝ 64%, Լատվիայում՝ 49%,  Լիտվայում՝ 51%, Լեհաստանում՝ 48% եւ Էստոնիայում՝ 42%։

2015թ. ամբողջ աշխարհում համակարգիչների մեջ տեղադրված ծրագրային ապահովման 39%-ը եղել է ոչ լիցենզավորված։ Համեմատած նախորդ տարվա տվյալների հետ՝ ցուցանիշը կրճատվել է 4%-ով։ Ըստ Microsoft-ի կիբերհանցագործությունների միջազգային կենտրոնի տվյալների՝ անցյալ տարի ԱՊՀ երկրների օգտվողների 80%-ը դարձել են կիբեր հարձակումների զոհ, իսկ փոքր եւ միջին բիզնեսի 97,5%-ն առնվազն մեկ անգամ ենթարկվել է կիբեր սպառնալիքների։

Microsoft-ը հայտարարում է որ ընկերությունների մեծամասնությունը կարող են նվազեցնել կիբեր հանցագործությունների ռիսկայնությունը, որոնք կապված են ոչ արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործման հետ, որոնք ձեռք են բերվում չստուգված աղբյուրներից` իրականացնելով SAM (ծրագրային միջոցների կառավարման գործիք), որն այսօր հասանելի է Հայաստանում։

«Կիբեր հարձակումների թիվը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում գնալով աճում է։ Կարելի է վստահորեն ասել, որ կիբերհանցագործություններն անմիջականորեն կապված են ոչ լիցենզավորված ծրագրերի օգտագործման հետ։ Ամեն տարի ստեղծվում են 300 միլիոնից ավելի նոր վնասակար հաքերային ծրագրային փաթեթներ, եւ օրական կատարվում են մոտ 1 միլիոն կիբեր հարձակումներ»,- նշել է ԱՊՀ երկրներում ծրագրային ակտիվների կառավարման եւ լիցենզավորման պայմանների համապատասխանության ստուգման գծով տնօրեն Դմիտրի Բերեսնյովը: