08:06 | 14.06.16 | Նորություններ | 7693
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձագանքել է լրագրող Էդիկ Բաղդասարյանի հունիսի 13-ին արված գրառմանը, որում Հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահը կոչ էր արել վերացնել ռոումինգը Լեռնային Ղարաբաղում եւ կոչ էր արել «Ղարաբաղ Տելեկոմի եւ Վիվասելի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ մշակել»։
Էդիկ Բաղդասարյանին ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ ասված է.
«Մայիս ամսվա ընթացքում Ձեզ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա 72,392 դրամից 66,470-ը բաժին է ընկնում ռոումինգին: Սպասարկման կենտրոնները Ձեր ցանկության դեպքում կարող են տրամադրել մանրամասն քաղվածք: Այս տեղեկությունները պահպանվում են ընկերության համակարգերում՝ օրենքով սահմանված կարգով եւ լիովին հասանելի են Ձեզ՝ իբրեւ բաժանորդի:
Անդրադառնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Ղարաբաղ Տելեկոմի միջեւ ռոումինգի ծառայության վերացման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությանը՝ հայտնում ենք, որ որպես բջջային կապի օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային նորմերով: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունները մատուցվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված լիցենզիայի հիման վրա, եւ այդ ծառայությունների մատուցումը սահմանափակվում է բացառապես լիցենզիայով սահմանված եւ GSM Association կազմակերպության կողմից հիմք ընդունվող՝ ՀՀ տարածքով: Ինչ վերաբերում է Արցախում ռոումինգի սակագներին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար դեպի ՀՀ ելքային զանգերի 1 րոպեի սակագինը նույնն է, ինչ Հայաստանի Հանրապետությունում գործող մյուս բջջային օպերատորների կողմից իրենց բաժանորդներին առաջարկված սակագները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն անընդունելի է համարում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող իր ծրագրերը զուտ կոմերցիոն գործունեության հետ շփոթելը կամ պայմանավորելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է բաց եւ թափանցիկ գործունեություն, եւ իր բոլոր (այդ թվում՝ սոցիալական ներդրումների ոլորտում իրականացվող ծախսերը) ենթարկվում են աուդիտի՝ միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից:
Կոչ ենք անում Ձեզ եւ գիտակից այլ քաղաքացիներին (հատկապես լրագրողական հանրությանը) զերծ մնալ շրջանառվող չճշտված տեղեկությունները տարածելուց»: