07:53 | 06.06.16 | Նորություններ | 6750
ONEArmenia կազմակերպությունը սկսել է նոր դրամահավաք-արշավ՝ Hye Tech Kids, որի նպատակն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը:
ONEArmenia-ն` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համատեղ, հինգ դպրոց կսարքավորի Armath դասասենյակով: Վերջինս Հայաստանում ստեղծված տեխնոլոգիական կենտրոն է, որը ներառում է 3D տպիչ, CNC սարքեր, hand-made մինի համակարգիչներ, ռոբոտաշինության լրակազմ ու կոդավորման երկու կրթական ծրագիր:
Մայիսի 30-ին մեկնարկած դրամահավաքը կշարունակվի մինչեւ հուլիսի 13-ը: Հանգանակությանը կարելի է մասնակցել այստեղ:
Արդեն հավաքվել է շուրջ $2000: Նախատեսվում է ընդհանուր առմամբ հավաքել $57,882, որը կծառայի նաեւ մարզիչների նախապատրաստելու ու նրանց գյուղեր գործուղելու նպատակով: Մարզիչները կկրթեն արտադպրոցական խմբակներ հաճախող աշակերտներին:
ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարկիսյանը համոզված է, որ Հայաստանում առկա է մեծաքանակ չբացահայտված ներուժ:
«ՏՏ ոլորտում կա 3000 թափուր աշխատատեղ: ՏՏ ընկերություններն աշխատողներ են փնտրում, մինչդեռ տարեկան հարյուրավոր երիտասարդներ լքում են երկիրը` դրսում աշխատանք գտնելու նպատակով»,- նշել է նա:
Ծրագրի նախատիպը ԻՏՁՄ-ի կողմից իրականացվել է 2008թ., այդ ժամանակվա 500 շրջանավարտների 70%-ն այժմ աշխատում կամ շարունակում է ուսումը ՏՏ ոլորտում: Ուսումնական ծրագրի համաձայն` աշակերտներն այն ավարտելիս լիովին աշխատունակ կլինեն: