08:43 | 02.06.16 | Նորություններ | 2805

Դավիթ Յանի Findo-ն $3 մլն է ստացել ABBYY-ից

ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի Findo որոնման համակարգը ստացել է $3 մլն ներդրում:

VentureBeat-ի հաղորդմամբ` սաղմնային ներդրումը ստացվել է ABBYY ընկերությունից, իսկ երկրորդ $3 մլն-ի ստացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին:

Աղբյուրը հաղորդում է, որ ABBYY-ի կապը Findo-ին կարող է առաջ մղել՝ հաշվի առնելով այն, որ ABBYY-ն ներկայացնում է իր տեքստերի ճանաչման FineReader ծրագիրը, որը թույլ է տալիս արագ եւ ճշգրիտ փաստաթղթերում լուսանկարները եւ pdf ֆայլերը վերածել խմբագրման ենթակա էլեկտրոնային ֆորմատների:

«Տեղեկատվություն գտնելու կարողությունն ինչպես օնլայն, այնպես էլ տեղական առումով դարձել է բավական բարդ օգտատերերի համար: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին 24 ժամում էլ հաղորդագրությունների եւ ֆայլերի որոնման 300 մլն ձախողված փորձ է գրանցվել»,- VentureBeat-ի հետ զրույցում ասել է Դավիթ Յանը:

Ի տարբերություն որոնողական այլ համակարգերի՝ Findo-ն կարողանում է տեղեկատվություն փնտրել ամպային պահոցներում, սոցցանցերում եւ օգտատերերի սարքավորումներում (համակարգիչներ, սմարթֆոններ): 

Մասնավորապես, համակարգը կարող է որոնում կատարել Gmail-ում, Google Drive-ում, Dropbox-ում, Outlook-ում, Yahoo-ում եւ Exchange-ում:

Findo-ն ունակ է նաեւ հարցումներ մշակել մարդկային լեզվով, օրինակ՝ «Գտիր դեկտեմբերին պատրաստված պրեզենտացիան» հրահանգը լսելով՝ համակարգը կորոնի ձեր համակարգում նշված չափանիշներին համապատասխանող ֆայլը: