12:30 | 02.04.24 | Հոդվածներ | exclusive 3123

Թվային փոխակերպումը ֆինթեքում․ ավանդական մոտեցումներից մինչեւ էկոհամակարգերի ստեղծում

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն այս տարի կանցկացվի ապրիլի 3-ին` Հնարավորություններին ընդառաջ խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական եւ բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման արդի մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:

Doing Digital Forum 2024-ին ընդառաջ iTel.am-ն Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանի հետ զրուցել է թվային փոխակերպման անհրաժեշտության, Ամերիաբանկի անցած ճանապարհի, մարտահրավերների ու թվային ապագայի մասին։

 Ֆինանսական կառույցներն ու ավանդական մոտեցումները

Հայաստանում մարդիկ բաց են եւ պատրաստ փոփոխությունների։ Մենք պահպանողական ազգ ենք, բայց, միեւնույն ժամանակ, շատ արագ ենք կարողանում փոփոխությունների ենթարկվել։ Ավստրիայում կամ Գերմանիայում, oրինակ, ֆինանսական համակարգը շատ զարգացած է, բայց մարդիկ ավելի դժվար են ընդունում նորարարությունները։ Մենք, հակառակը, ավելի ճկուն ենք եւ արագ ենք հարմարվում փոփոխություններին։

Ֆինանսական կառույցներում, եթե բավարար ջանք չգործադրենք, թվային փոխակերպման գործընթացը մի փոքր ավելի դանդաղ կընթանա։ Այդ պատճառով առաջնահերթ պետք է փոփոխության ենթարկվի ընկերության մտածելակերպն ու մշակույթը, որը թույլ կտա առաջնորդվել նոր մոտեցումներով: Կարեւոր է ընդունել, որ թվային տրանսֆորմացիայի հիմքում հենց մարդն է:

Թվային փոխակերպման ճանապարհն ընտրելու անհրաժեշտությունը նաեւ արագությունն է։ Եթե ցանկանում ես քայլել ժամանակին համընթաց, մատուցել թվային ծառայություներ, պետք է լինես ճկուն եւ հետ չմնաս տեխնոլոգիական նորամուծություններից, իսկ արագ գործել հին մոտեցումներով, պարզապես, անհնար է։ Կան պրոդուկտների ստեղծման հատուկ հոսքագծեր, եւ հին, դասական ձեւով երբեք արագություն չես կարող ապահովել:

Շավարշ Ոսկանյանը Շավարշ Ոսկանյանը
photo © Մեդիամաքս (էմին Արիստակեսյան)


Փոխակերպման երկու մոտեցում կարող եմ նշել․ վերեւից ներքեւ (top to down) եւ հակառակը։ Երբ ներքեւից վերեւ է, հաճախ ձախողվում է կամ համեմատաբար ավելի դանդաղ է ընթանում: Պետք է իրականացնել մտածելակերպի, մշակույթի փոփոխություն, ինչն, անպայման, համահունչ կլինի տվյալ ընկերության ռազմավարությանը. ցանկացած աշխատակից պետք է գիտակցի թվային փոխակերպման անհրաժեշտությունն ու հենց ինքը դրա կրողը դառնա։

Թվային փոխակերպումն Ամերիաբանկում

Ամերիաբանկը, ընդունելով ժամանակի մարտահրավերն ու գիտակցելով թվային փոխակերպման կարեւորությունը, դեռ տարիներ առաջ ընտրեց փոխակերպման ուղին: Շատ վերլուծություններ ենք կատարել, միջազգային շուկայում ուսումնասիրել տարբեր ընկերությունների փորձը:

Լինելով շուկայում առաջատար, երկարաժամկետ հեռանկարներ ունեցող ու հաճախորդամետ ընկերություն՝ որոշեցինք օր առաջ մեր թիմում կատարել այս վերափոխումը, մեր հաճախորդներին մատուցել արագ ու որակյալ ծառայություններ, որոնք համահունչ կլինեն մեր տեսլականին` բարելավել կյանքի որակը։

Երկարատեւ աշխատանքից, միջազգային ընկերությունների հետ հանդիպումներից, մասնագիտական մի շարք քննարկումներից հետո սկսեցինք քայլ առ քայլ իրականացնել թվային փոխակերպման գործընթացը: Արդյունքում, մոտ 6 ամսում կարողացանք հիմնովին փոփոխությունների ենթարկել մեր աշխատաոճն ու գործընթացների զգալի մասն իրականացնել թվային փոխակերպման մեր օրակարգի շրջանակում: Վերլուծելով նախորդ տարվա տվյալները` ուրախությամբ կարող ենք նշել, որ Ամերիաբանկի գործարքների 98%-ը իրականացվել է մասնաճյուղային ցանցից դուրս՝ մեր թվային ուղիների միջոցով:

Մարտահրավերներն ու ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգերի ձեւավորումը

Թվային փոխակերպման ճանապարհին մարտահրավերներ, իհարկե, շատ կան։ Մենք թվային դարաշրջանում ենք ապրում։ Բոլորը, վաղ թե ուշ, պետք է ենթարկվեն թվային տրանսֆորմացիայի: Ինչպես արդեն նշեցի, պետք է սկսել մտածելակերպի փոփոխությունից, քանի որ առանց մտածելակերպի փոփոխության, դա արհեստական է, եւ եթե չկա մշակութային փոփոխություն հենց ծառայություն ստեղծողի մոտ, ապա ձախողվելու է։

photo © Մեդիամաքս (էմին Արիստակեսյան)


Կարեւոր փաստ է, որ մեր բանկում վերեւից ներքեւ (top to down) մոտեցումն ենք որդեգրել, ու առաջինը մեր ղեկավար կազմն է «վառվել» այդ գաղափարով։ Մարտահրավեր էր այդ «կրակով վարակել» մյուսներին, ցույց տալ, որ աշխարհը փոխվում է, եւ մենք եւս պետք է առաջնորդվենք թվային փոխակերպման օրակարգով:

Խոսքից` գործ

Մենք ստեղծեցինք պրոդուկտային թիմեր, որտեղ կային տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ ծրագրավորողներից մինչեւ դիզայներներ, որակի մասնագետներից մինչեւ բիզնես վերլուծաբաններ եւ այլն։ Առաջին պրոդուկտներից մեկը մեր սքորինգային վարկերի առցանց համակարգն էր։ Մենք սկսեցինք ամբողջությամբ առցանց տրամադրել սքորինգային վարկեր եւ հաճախորդների ամբողջ փորձառությունը դարձնել թվային։

Այսօր արդեն մեր ծառայություններն ավելացել են եւ դարձել տարաբնույթ: Օրինակ, estate.ameriabank.am հարթակի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել կառուցապատողների առաջարկները, ընտրել տուն եւ անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն: Ի դեպ, նախորդ տարի Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվել է հենց այս հարթակի միջոցով: Այսօր արդեն հարթակում հասանելի են նաեւ երկրորդային շուկայից առաջարկներ։

Մի օրինակ էլ. ֆիզիկական անձանց եւ ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի գրեթե 95%-ն այժմ ապահովվում է ավտոմատացված մոդելների միջոցով:

Սա նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս մաքուր բանկային ծառայություններից եւ ստեղծում ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգեր, որտեղ հաճախորդը թվային ճանապարհով կարող է ստանալ համակարգային լուծումներ մի շարք ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունների համար:  

Այս պահին մեր թիմի առաջնահերթություններից մեկը MyAmeria հավելածը զարգացնելն ու էկոհամակարգի վերածելն է։ Հավելվածում արդեն իսկ գործում է MyTour ծառայությունը, որի շրջանակում մեր հաճախորդները կարող են ճամփորդական փաթեթներ ձեռք բերել։ Նաեւ ունենք MyInvest հարթակը, որը թույլ է տալիս տեղական եւ միջազգային ընկերությունների բաժնետոմսեր ու պարտատոմսեր ձեռք բերել ամբողջությամբ օնլայն եղանակով։

AI-ը, մեծ տվյալներն ու ֆինանսական համակարգը

Մեր ժամանակներում կարեւոր դեր է կատարում տվյալագիտությունը։ Որքան մեքենայական ուսուցման շրջանակները ընդլայնվում են, այնքան ավելի մեծ հնարավորություններ են առաջանում։ Ինքներս մեքենայական ուսուցում եւ տվյալագիտական մոդելներ ենք օգտագործում մեր մի շարք պրոդուկտներն առցանց հասանելի դարձնելու գործում։ Օրինակ, առցանց սքորինգային վարկերի համակարգը հնարավոր չէ օգտագործել առանց մեքենայական ուսուցման ալգորիթմների։ Վարկային մասնագետը որոշում է կայացնում՝ հիմնվելով տարբեր տվյալների վրա, ինչը կարող է օրեր տեւել։ Հանելով մարդկային գործոնը՝ մեքենայական ուսուցման շնորհիվ այդ ժամանակն էապես կրճատվել է՝ հասնելով վայրկյանների։

Արհեստական բանականությունը կարող ենք օգտագործել նաեւ սպասարկման չատբոտերում եւ մի շարք այլ կիրառություններ գտնել։ Վստահաբար, արհեստական բանականությունից պետք չէ վախենալ։ Ամեն ինչ ստեղծվում է հենց մարդկանց օգնելու նպատակով։ Այն կրճատում է մեխանիկական աշխատանքը եւ մեզ բոլորիս ավելի ստեղծագործ լինելու ազատություն տալիս, ինչը միայն դրական փոփոխություն է։

Նունե Գրիգորյան