16:15 | 11.04.24 | Հոդվածներ | exclusive 2558

Հայկական RapidTask-ը փոխում է նախագծերի կառավարման ապագան

RapidTask-ն արհեստական բանականության օգնությամբ վերափոխում է նախագծերի կառավարման մոտեցումները, առաջադրանքների ստեղծումն ու կազմակերպումը Jira-ի եւ Asana-ի շրջանակում: iOS եւ Android հարթակներում հասանելի մոբայլ հավելվածը նախագծեր կառավարելիս կարող է ապահովել առավելագույն արդյունավետություն։

Ստարտափի հիմնադիր Մաթեւոս Ղազարյանն Android եւ iOS ծրագրավորողի 15 տարվա փորձ ունի տեխնոլոգիական ոլորտում, աշխատել է Develandoo, Helix Consulting, Sololearn, Miro եւ այլ ընկերություններում։ Այժմ նա աշխատում է հեղինակային գրքերի հրատարակման վրա։

«RapidTask-ի գաղափարն առաջացել է տարբեր մարդկանց հետ շփվումների արդյունքում, երբ հասկացա, որ շատերն ուղղակի ալարում են առաջադրանքներ (task) ստեղծել, կամ էլ մանրամասն նկարագրել համապատասխան պահանջները։ Սա մշտական խնդիր է ՏՏ ընկերություններում։ Մտածեցի՝ պետք է ստեղծել ծրագիր, որը կլուծի այս խնդիրը։

Հնարավոր է սմարթֆոնը կապել ամենահայտնի առաջադրանքների կառավարման ամենահայտնի ծրագրերին (Jira, Asana), որից հետո նշել նախագիծը՝ գրելով կամ ձայնայինի միջոցով ասել՝ ինչի մասին է առաջադրանքը։ Համակարգը AI-ով ավտոմատ գեներացնում է առաջադրանքը եւ ներմուծում նշված նախագծում ընդամենը վայրկյանների ընթացքում։ Օգտագործել եմ Kotlin, Swift, Node.js ծրագրեր, նաեւ OpenAI API-ներ»,- iTel.am-ի հետ զրույցում նշում է Մաթեւոսը։

RapidTask-ի առանձնահատկությունն այդ գործընթացները մոբայլ միջավայրին հարմարեցնել է, ինչի շնորհիվ վայրկյանների ընթացքում հեռախոսի օգնությամբ կարելի է ստեղծել առաջադրանքներ՝ մանրամասն նկարագրություններով։ Բացի այդ, օգտատերերին կարող է գրավել AI-ի աջակցությունը։ Մաթեւոսի խոսքով՝ առանձնահատկությունն այն է, որ գործող նմանատիպ ծրագրերը նախատեսված են հիմնականում web-ի համար։ Թիրախավորում է այնպիսի ընկերությունների, որոնք օգտագործում են Jira կամ Asana համակարգերը։ Հավելվածի առաջիկա թարմացումներով կինտեգրվեն նոր համակարգեր։ AI-ի հետ կունենան հաջողություններ, քանի որ այն տալիս է շատ հետաքրքիր ու խորհրդավոր պատասխաններ, ինչը գրավում է մարդկանց։

«Ներդրումներ դեռ չեմ ստացել, ամբողջությամբ սեփական միջոցներով եմ մշակել։ Հավելվածը վճարովի է, բայց տալիս է 1 շաբաթ անվճար օգտագործելու հնարավորություն։ Նույնիսկ փոքր հաջողության դեպքում պլանավորում եմ ստեղծել փոքր թիմ ու ավելացնել նոր գործիքներ։ Հետագայում ծրագրում եմ ավելացնել նոր հնարավորություններ, ստեղծել PRD-ներ եւ PRFAQ-ներ, գտնել նոր թիմակիցներ ու ավելացնել նոր ինտեգրացիաներ՝ Monday, Trello, ClickUp համակարգերը»,- ասում է RapidTask-ի հիմնադիրը։

Նշենք, որ RapidTask-ը վերջերս թողարկվել էր նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում։ Այն հասանելի է iOS եւ Android համակարգերի համար։

Նունե Գրիգորյան