11:34 | 01.06.16 | Նորություններ | 16290

ՀՀ եւ ԼՂՀ դպրոցներում գործող ինժեներական լաբորատորիաները կկոչվեն «Արմաթ»

Հայաստանում եւ Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների եւ ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվը հասել է 100-ի, որտեղ սովորում է ավելի քան 2000 դպրոցական:

Այս մասին հայտարարվել է այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կազմակերպած միջոցառման ժամանակ:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ արդեն գործող եւ առաջիկայում ստեղծվելիք ինժեներական լաբորատորիաները այսուհետ կրելու են «Արմաթ» անվանումը:

Նրա խոսքով՝ նախատեսում են մինչեւ 2019թ. բոլոր դպրոցներում ձեւավորել «Արմաթ» լաբորատորիաներ:

«Կհասցնե՞նք դա անել, թե՞ ոչ: Մենք ուղղակի այլընտրանք չունենք, որովհետեւ այս մրցավազքն ընթանում է ամբողջ աշխարհում, եւ եթե 5 տարվա ընթացքում չհասցնենք տեղ գտնել աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա, ապա արդեն այդ ժամանակ չենք կարողանա հայտ ներկայացնել աշխարհին: Այն հիմնական սկզբունքները, որոնք դրված են ծրագրում, պահպանվում են եւ դա ապահովելու է մեր հաջողությունը: Այս տարի մենք առաջին անգամ կունենանք շրջանավարտներ եւ կտեսնենք, թե ինչպես են նոր գիտելիքներ ստացած երեխաները փոխում նաեւ համալսարանները»,- նշել է Հայկ Չոբանյանը:

Անդրադառնալով «Արմաթի» ստուգաբանությանը՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ «Արմաթ» անվանումը բաղկացած է «ար» հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից եւ մաթեմատիկայի «մաթ» մասնիկից եւ խորհրդանշում է ՏՏ ոլորտում հայկական մտքի ու մաթեմատիկական-անալիտիկ մտածողության կարեւորությունը:

«Արմաթի» հիմնարար արժեքները բխում են 3 կոնցեպտուալ բաղկացուցիչներից՝ «Հայաստան», «տեխնոլոգիա» եւ «նոր սերնդի զարգացում»՝ խթանելով ձեռնարկատիրական միտքը եւ առաջնորդելու ձիրքը։

««Յուքոմը» մեծ ներգրավվածություն ունի այս նախագծում, եւ մեզ առաջին հերթին գրավում է այն հանգամանքը, որ մեր երեխաների մոտ ստեղծվի հետաքրքրություն ինժեներական կրթության նկատմամբ: Հայաստանը դեռ խորհրդային տարիներին առաջատար է եղել իր ինժեներական մտքով, եւ կարեւոր է, որ այդ ավանդույթները չկորեն: Աշխարհն այսօր ունի բարձրակարգ ինժեներների կարիք, եւ նման կարիք ունի նաեւ մեր ընկերությունը: Այդ իսկ պատճառով հարկ ենք համարում մեր փոքր ներդրումն ունենալ կրթական ոլորտում: Ես ինքս փոքր տարիքից եմ հետաքրրքվել այս ոլորտով, եւ դա է ինձ բերել այս ոլորտ: Ցանկացած փոքրիկի մոտ նման հետաքրրքություն առաջացնելով՝ բացում ենք մի հարթակ, որը նրանց հնարավորություն կտա հետագայում նոր արժեքներ ստեղծել եւ դրանցով հարստացնել մեր երկիրը»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշել է, որ 10 տարի անց խմբակների ծրագրի կարեւորագույն արդյունքը լինելու է այն, որ Հայաստանը խնդիր չի ունենալու սեփական ռազմաարդյունաբերությունը կառուցելու հարցում:

Նրա խոսքով՝ սեփական ռազմաարդյունաբերությունը կառուցելու եւ զարգացնելու համար առկա են բոլոր հնարավորությունները: Կարեն Վարդանյանը նշել է, որ հաշվի առնելով այն, որ խորհրդային տարիներին ռազմարդյունաբերությունում աշխատում էր շուրջ 100 հազ. մարդ, ապա այսօր մեր նշաձողը պետք է լինի 100 հազ. մասնագետը:

«ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» իրականացվում է 2014-ից: Լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ եւ այլ սարքեր: Ինժեներական այս լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են ՀՀ մարզերում՝ նպատակ ունենալով նպաստել մարզային զարգացմանն ու ստեղծել որակյալ կրթություն ստանալու պայմաններ նաեւ հեռավոր գյուղերում:

«Արմաթ»  ինժեներական լաբորատորիաները ստեղծվել են Ucom, «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, HSBC բանկի, One Armenia, GIZ կազմակերպությունների եւ Էդուարդ Սարիբեկյանի աջակցությամբ: