08:09 | 06.05.16 | Նորություններ | 1359
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) հայկական ընկերության «Immersive Education Solutions» նախագիծն անցել է GIST Tech-I 2016 միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ:
Ինչպես հայտնել են ընկերությունում, այն եղել է մրցույթի կիսաեզրափակչին մասնակցող միակ հայկական ստարտափը:
«Առաջին անգամ «Immersive Education Solutions» նախագիծը ներկայացվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբի» շրջանակում եւ, ստանալով ակումբի անդամների եւ կազմակերպիչների հավանությունը, թիմը սկսել է աշխատել առաջին ֆիլմի սցենարի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Մոտ մեկ տարի է, ինչ թիմն աշխատում է կրթական ֆիլմերի պատրաստման ուղղությամբ: Վերջերս էլ ֆիլմից մի քանի հատված ներկայացրվել է «Կրթություն 21-րդ դար» էքսպոյի ընթացքում։
Նշենք, որ այս տարի GIST Tech-I Competition մրցույթին դիմել են 1 075 ստարտափներ եւ գաղափարներ 104 պետություններից եւ տարածաշրջաններից։ Ավելի քան 140 տարածաշրջանային, գիտական եւ բիզնես ոլորտի մասնագետներ աշխարհի տարբեր վայրերից ուսումնասիրել եւ գնահատել են ներկայացված հայտերը, եւ լավագույն 102 ստարտափերն ու գաղափարները ներկայացվել են կիսաեզրափակիչ փուլ, որոնց օգտին քվեարկել է 431 655 հոգի։
Եզրափակիչ փուլ անցած 15 լավագույն ստարտափերն ու գաղափարները, մինչ Սիլիկոնյան հովտում իրենց նախագծերի ներկայացումը՝ կմասնակցեն առցանց դասընթացների եւ վերապատրաստումների, իսկ արդեն Սիլիկոնյան հովտում երկօրյա դասընթացից հետո կներկայացնեն իրենց նախագիծը ժյուրիին՝ խոշոր ֆինանսավորում ստանալու նպատակով։
Itel.am-ն ավելի վաղ պատմել էր Immersive Education Solutions նախագծի մասին: