13:36 | 05.05.16 | Նորություններ | 988

Հարկային արտոնություն է ստացել ՏՏ ոլորտի 94 նորաստեղծ ընկերություն

Վերջին մեկ տարվա ընթացքում «Տեղեկատվական տեխնոլոգիաների պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով հավաստագրվել է 94 նորաստեղծ ընկերություն, այդ թվում` օտարերկրյա հիմնադիրներով:

Ինչպես հայտնել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակից, այս օրենքի շնորհիվ մեկ տարում Հայաստանում բացվել է ՏՏ ոլորտի շուրջ 400 նոր աշխատատեղ:

Վերոնշյալ օրենքը, որը գործում է 2015թ. հունվարի 9-ից, շահութահարկից ազատում է ՏՏ ոլորտը տարածաշրջանում մրցունակ դարձնելու նպատակով հավաստագրված սկսնակ ընկերություններին, իսկ ընկերության աշխատողների եկամտային հարկ սահմանում 10%-ը՝ անկախ աշխատավարձի չափից:

«Հարկային արտոնությունները նպաստում են նաեւ այլ կազմակերություններում աշխատող ՏՏ մասնագետների կողմից նոր ստեղծվող ընկերությունների միջոցով սեփական գաղափարների իրագործմանը, նոր ծրագրերի մշակմանը, որոնք վերջիններս չէին կարող իրագործել՝ լինելով այլ ընկերության աշխատող»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ ըստ օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ՝ մինչեւ 3 ամիս պետական գրանցում ունեցող ընկերությունները մինչեւ 2017թ. դեկտեմբերի 1-ը կարող են դիմել Հավաստագրման հանձնաժողովին՝ հավաստագիր ստանալու համար, իսկ հարկային արտոնությունները տրամադրվում են մինչեւ 2020թ. հունվարի 1-ը: