11:21 | 05.05.16 | Նորություններ | 1049

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը չեղարկում է Թալիշի, Մատաղիսի եւ Մարտակերտի բաժանորդների տույժերը

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել Թալիշի, Մատաղիսի եւ Մարտակերտ քաղաքի բաժանորդների տույժերը եւ վերամիացման վարձերը՝ պայմանավորված ռազմական գործողությունների հետեւանքով նրանց ունեցած դժվարություններով:

«Թեեւ ընկերության եւ բաժանորդների միջեւ կնքված պայմանագրերը նախատեսում են տույժեր եւ/կամ վերամիացման վարձեր, եթե բաժանորդը նախատեսված ժամկետում չի վճարում կապի ծառայության համար, սակայն ընկերությունը գիտակցում է վերոնշյալ համայնքների բնակիչների իրավիճակը՝ պատրաստ լինելով հնարավորինս կանգնելու նրանց կողքին: Ըստ որոշման՝ նրանց հաշիվները լուծարելու փոխարեն կսառեցվեն ընկերության կողմից, ինչի արդյունքում չեն հաշվարկվելու տույժեր եւ վերամիացման վարձեր: Նշյալ բնակավայրերի բաժանորդների համար վճարման այս պայմանները կկիրառվեն միայն թվային եւ անլար անշարժ հեռախոսակապից, ինչպես նաեւ ADSL մոդեմի եւ անլար (Wi-Fi) տեխնոլոգիաների միջոցով համացանցային ծառայություններից օգտվելու դեպքում:

Այն բաժանորդները, ում ծառայություններն անջատված են վարձն ուշացնելու կամ չվճարելու պատճառով, կվերամիացնեն իրենց ծառայություններն առանց վերամիացման վարձը վճարելու: Մուծման արտոնյալ ժամանակահատվածը երկարաձգվում է մինչեւ ս.թ. մայիսի 30-ը: Իսկ վերամիացման վարձերի համար արդեն վճարված գումարներն ընկերության կողմից կփոխանցվեն տվյալ բաժանորդների հաշիվներին», - հայտնել է ընկերությունը: