07:24 | 06.05.16 | Նորություններ | 2193
Մայիսի 5-ին «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ նորարարական ամպային լուծումներ փոքր եւ միջին բիզնեսի համար» համաժողովի շրջանակում Մայքրոսոֆթ Հայաստան, «ՖՐԵԴԱ» եւ «Դոմ-Դենիել» ընկերությունների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
«Այս հուշագրի հիման վրա վեց ամսվա ընթացքում կմշակվի ինվեստիցիոն ու տեխնիկական աջակցման ծրագիր ինչպես գործող, այնպես էլ ստարտափ ընկերությունների համար»,- նշել է Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը:
«ՖՐԵԴԱ»-ի տնօրենն էլ հավելել է, նախատեսում են համատեղ քննարկել, ֆինանսավորել եւ մշտադիտարկել նորարարական, ռիսկային ծրագրեր, ու թեեւ գիտեն, որ երբեմն նաեւ կտուժեն, բայց վստահ են, որ հաջողված ծրագրերը կփոխհատուցեն կորուստները:
«Այս հուշագրի կնքումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության շրջանակում մեր զարգացման ռազմավարության եւս մեկ քայլ է: Այս ծրագրի շնորհիվ կմշակվեն լուծումներ բիզնեսի աջակցման, ավտոմատիզացիայի եւ կիբեր-ֆիզիկական համակարգերի ստեղծման համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաների համար»,- ասել է «Դոմ-Դենիել»-ի խորհրդի նախագահ ԱրմենՍարգսյանը
Ակնկալվում է, որ հուշագրի շրջանակում տրամադրվելիք աջակցությունը կխթանի բիզնեսի զարգացումը, ավտոմատացումն ու կիբեր-ֆիզիկական լուծումները՝ հզորացված ամպային տեխնոլոգիաներով:
Հուշագրի ստորագրումից հետո հայաստանյան ՏՏ ոլորտի 8 առաջատար ընկերություններ, այդ թվում՝ LimeTech, Teamable, Smart Production (Hay Sell), Margasoft, eHealth, SoloLearn, Monitis ընկերություններն ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչները ներկաներին պատմել են իրենց գործունեության ու պրոդուկտների մասին, որոնք հիմնված են ամպային լուծումների վրա: