12:03 | 18.04.16 | Նորություններ | 5289

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է «Այբ» դպրոցականների հաղթանակին ԱՄՆ-ում

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից վերադարձել է արծաթե մեդալով եւ «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով:

Մրցույթն անցկացվել է ապրիլի 7-9 ԱՄՆ-ի Օհայո նահանգի Մարիոն քաղաքում, որն ընդգրկել է ավելի քան 1 300 մասնակից եւ 400 ռոբոտ: «Այբ»-ի թիմը մրցույթին ներկայացել է սումո ռոբոտով:

«Ռոբոտաշինությունը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ոլորտ է: Այս հեղինակավոր մրցույթում մեր թիմի հաղթանակը ոչ միայն «Այբ»-ի, այլեւ Հայաստանի համար մեծ նվաճում է»,- նշում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Հերթական անգամ համոզվում ենք՝ որքան շնորհալի, աշխատասեր, ջերմեռանդ եւ անպարտելի են հայ երիտասարդները: Նրանք կարիք չունեն գաղափարների, հովանավորչության եւ ուղեցույցների: Նրանք ունեն հազարավոր նոր գաղափարներ, կարող են իրենց համար ճանապարհ հարթել դեպի միջազգային հարթակներ, ոչ միայն գերազանցել սահմանված ամենախիստ չափանիշները, այլեւ սահմանել նոր չափանիշներ: Նրանց ընդամենը պետք է մեր աջակցությունը: Համոզված եմ, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարած սոցիալական ներդրումները կունենան երկարաժամկետ արդյունքներ. մենք ականատես ենք այս երիտասարդների դեռեւս առաջին հաղթանակներին: Առջեւում սպասվում են բազմաթիվ նոր ձեռքբերումներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011-ից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի եւ դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մինչ օրս այդ ոլորտում իրականացված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 218 մլն դրամ: