Հայկ Ասրիյանցը
08:07 | 15.04.16 | Հարցազրույցներ | exclusive 26643
Այս օրերին հիմնադրման 1-ամյակն է նշում «Ստարտափ Արմենիա» կազմակերպությունը: Վերջինիս նպատակն է Հայաստանում եւ աշխարհում ձեռներեցության զարգացմանն ուղղված հայեցակարգերի եւ նախաձեռնությունների մշակումը:
Itel.am-ը մեկ տարվա գործունեության եւ ապագա ծրագրերի շուրջ զրուցել է կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցի հետ:
- «Ստարտափ Արմենիա»-ն արդեն մեկ տարեկան է: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում:
-Կազմակերպության հիմնադրման օրը՝ 2015թ․ ապրիլի 25-ը, հատուկ էր ընտրված. խորհրդանշում էր հայ ազգի համար նոր շրջանի մեկնարկը:
Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են կրթության, գործարար միջավայրի եւ միգրացիայի ոլորտներում հայեցակարգերի մշակումը, ձեռներեցական ծրագրերի իրականացումը, ՀՀ-ում ձեռներեցության մշակույթի ձեւավորումը, ինչպես նաեւ աշխարհում Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ձեռներեցության կենտրոնի ներկայացումը:
Ինչպես գիտեք, դեռ մինչեւ կազմակերպության հիմնադրումը, մենք արդեն իսկ բավականին մեծ փորձ ունեինք թե ձեռներեցական ծրագրերի իրականացման, թե լուրջ քայլեր էինք ձեռնարկել՝ ուղղված Հայաստանում ձեռներեցության մշակույթի ձեւավորմանը եւ Հայաստանի ձեռներեցական էկոհամակարգը արտասահմանյան հեղինակավոր հարթակներում պատշաճ կերպով ներկայացնելում: Եվ մեզ համար կարեւոր էր փորձել մեր ուժերը հատկապես հայեցակարգերի մշակման ոլորտում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ համագործակցելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի եւ ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի հետ, մենք մասնակցեցինք հյուրատնային բիզնեսի հարկային դաշտի փոփոխության և նոր հայեցակարգի մշակման գործընթացին: Թեեւ սա մեր առաջին փորձն էր, ամեն ինչ շատ սահուն ընթացավ եւ ոգեշնչեց մեզ նոր նախաձեռնություններով հանդես գալ:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հետազոտում ենք եւ վերլուծում ենք միջազգային փորձը, որպեսզի հասկանանք, թե ինչպես է կարելի արդյունավետ կերպով ներառել ծրագրավորումը եւ ձեռներեցությունը դպրոցական ծրագրերում։ Մեր նպատակն է հայկական դպրոցների համար նմանատիպ ծրագրերի ներդրումը, ինչը երեխաներին վաղ տարիքից թույլ կտա ձեռք բերել ձեռներեցական հմտություններ եւ գիտելիքներ, ինչպես նաեւ կոդ գրել. ծրագրավորումը նաեւ նպաստում է համակարգային մտածողության ձեւավորմանը:
Մենք նաեւ հետազոտում ենք տեխնոլոգիական ստարտափների համար գործող հարկային արտոնությունների ծրագրի արդյունքները, ու հնարավոր է, որ դրա հիման վրա առաջարկենք որոշակի բարեփոխումներ։
Մեր հետաքրքրությունների շրջանում են նաեւ ձեռնարկությունների գրանցման, հարկման, հաշվետվությունների ներկայացման եւ այլ բիզնես գործընթացների պարզեցումը, գործընթացներ, որոնք ավելորդ դժվարություններ են առաջացնում հատկապես ստրատափների համար:
Հաշվի առնելով, որ Հայաստանում երիտասարդների գործազրկության ցուցանիշը բավականին բարձր է (ցավով պիտի նշեմ, որ այն ամենաբարձրն է Եվրոպայում), մենք կարծում ենք, որ ձեռներեցությունն այստեղ ժողովրդականացնելու եւ նոր ձեռներեցական ծրագրեր մշակելու ու իրականացնելու դեպքում կարող ենք նպաստել նաեւ հատկապես երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծմանը:
-Ձեր նպատակներից է նաեւ այսպես կոչված «ստարտափ վիզաների» ներդրումը Հայաստանում: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
-Մոտ ապագայում կսկսենք աշխատել այդ ուղղությամբ: Վերջնական նպատակն է հեշտացնել աշխատանքային վիզաների տրամադրումն այն արտասահմանցիներին, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան եւ այստեղ ստեղծել իրենց ստարտափը կամ ընդգրկվել այլ ստարտափի աշխատանքներում:
Մտադիր ենք Հայաստանը ներկայացնել աշխարհի ստարտափ քարտեզում: Մենք արդեն իսկ ունենք հաջողության մի քանի պատմություններ, որոնք հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս, սակայն հարկավոր է նաեւ զարգացնել եւ «վաճառել» ինժեներական ու «կոդ գրելու» ներուժը, այնպես որ արտերկրի ձեռներեցները Երեւանը եւ Հայաստանը համարեն այն թոփ վայրերից մեկը, որտեղ կարող են իրենց ստարտափը զարգացնել: Ի դեպ, մեր կարեւոր առավելություններից է նաեւ էժան կյանքը:
-Ինչպե՞ս Startup Armenia-ն կարող է զարգացնել հայաստանյան ստարտափ միջավայրը:
- «Ստարտափ Արմենիա»-ն Startup Nations and Global Entrepreneurship Network ցանցերի անդամ է, եւ այդ անդամակցությունները մեզ թույլ են տալիս ներկայացնել մեր էկոհամակարգը ձեռներեցների, ներդրողների, դոնորների, հետազոտողների եւ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ավելի քան 170 երկրից:
Անցած գարնանը Ձեռներեցության համաշխարհային համաժողովի (GEC) շրջանակում Միլանում ներկայացրինք Հայաստանը: Երեւանը զարգացող քաղաքների միջեւ անցկացվող GEC Cities Challenge մրցույթում անցավ եզրափակիչ փուլ` ընդգրկվելով 5 թոփ քաղաքների շարքում:
Արդեն այս տարի մարտին Հայաստանը ներկայացրինք Կոլումբիայի Մեդելին քաղաքում կայացած Ձեռներեցության համաշխարհային ամենամյա համաժողովին:
Առաջիկայում «Ստարտափ Արմենիա»-ն հանդես կգա մի շարք նախաձեռնություններով, այդ թվում կկազմակերպենք ստարտափ մրցույթներ եւ հաքաթոններ: Սրանք կարեւոր գործիքներ են մասնակիցների հմտությունները զարգացնելու եւ խոստումնալից ձեռներեցներ բացահայտելու համար: Նման մրցույթները նաեւ նպաստում են էկոհամակարգի մասնակիցների միջեւ նոր ծանոթությունների եւ կապերի հաստատմանը: Սակայն մեր հեռահար նպատակը նոր ձեւաչափերի մրցույթների եւ ծրագրերի ստեղծումն է, եւ ինչու ոչ՝ դրանց տարածումը այլ երկրներում:
Հայկ Ասրիյանցի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը