Սայմոն Ուիլքինսոնը
14:23 | 25.02.16 | Հարցազրույցներ | exclusive 15233
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում Երեւանում հյուրընկալվել էր circa69 անվան տակ հանդես եկող Սայմոն Ուիլքինսոնը, որն իրեն բնորոշում է որպես միջպլատֆորմային արվեստագետ:
Սայմոն Ուիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն եւ այլն:
Փետրվարի 23-ին եւ 24-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին Ուիլքինսոնի «Խորանարդ» ֆիլմը դիտել Oculus Rift սաղավարտի օգնությամբ՝ հայտնվելով 360-աստիճանանոց վիրտուալ 3D իրականության մեջ:
Վիրտուալ իրականության միտումների մասին Itel.am-ը զրուցել է Սայմոն Ուիլքինսոնի հետ:
- Ի՞նչ պատմություն է ընկած «Խորանարդ»-ի սցենարի ստեղծման հիմքում:
- Երբ ես 13 տարեկան էի, շաբաթը մեկ անգամ պապիկս գալիս էր մեր տուն, եւ ինձ հաճախ նվերներ էր բերում: Մի անգամ նա ինձ նվեր բերեց՝ ամերիկյան միստիկ պատմություններով լի ամսագիր: Դրանում մի տարօրինակ պատմություն կար, որը շատ էր տպավորվել իմ մեջ:
Խոսքը ԱՄՆ Այդահո նահանգում 50-ականներին տեղի ունեցած չբացահայտված անհետացումների մասին էր: Անցան տարիներ:
Oculus Rift տեխնոլոգիայի գործարկումը թույլ տվեց մտածել, որ լավ կլինի այդ պատմությունը պատմել այնպես, որ այն լսողներն ու տեսնողները դառնան պատմության մի մասը ու ոչ միայն դիտեն, թե ինչ է կատարվում բեմի վրա, այլեւ մասնակցեն կատարմանը: Հագնելով սաղավարտը՝ դուք դառնում եք կորած հերոսներից մեկը:
-Վիրտուալ իրականության ի՞նչ մոդեռն թրենդներ կան:
- Վիրտուալ իրականությունը նոր մեդիում է, իսկ ցանկացած նոր մեդիում սկզբում համարվում է ոչ նոր: Պատճառն այն է, որ մարդիկ վախենում են նոր մեդիումներից: Հիմա մարդիկ այն դիտարկում են որպես խաղ կամ ռեալ ժամանակում կինո:
Ի՞նչ տեղի կունենա, երբ մարդիկ ըմբռնեն, որ վիրտուալ իրականությունը ոչ խաղ է, ոչ էլ ռեալ ժամանակում ֆիլմ, այլ հենց վիրտուալ իրականություն: Դա նշանակում է միաժամանակ ապրել աշխարհի տարբեր պլատֆորմներում:
Դուք ապրում եք մի աշխարհում, որտեղ ձեր ուղեղում եւ էլփոստի նամակներն են, եւ սոցցանցերը ու էլի բազմաթիվ հարթություններ, եւ այդ ամենը՝ միաժամանակ:
Այսօր հարց է առաջանում՝ օգտագործե՞լ Oculus Rift սաղավարտ, թե՞ ապրիլին շուկա մտնող HTC Vive-ը: Վերջինն ուղղակի հիասքանչ է, իհարկե, այն լիարժեք օգտագործելու համար հարկավոր է իսկապես շատ լավ համակարգիչ: Իսկ դա խնդիր է, որովհետեւ ամբողջ աշխարհում ընդամենը 10 մլն համակարգիչ կա, որ կարող է աշխատել այդ հարթակների համար:
Առաջիկա մի քանի տարիներին, երբ տեխնոլոգիան կդառնա ավելի զարգացած, բոլորին հասանելի կլինի որակյալ վիրտուալ իրականությունը: Եվ այդ ժամանակ գաղափար չունեմ՝ ինչ կկատարվի: Բայց միայն այդ միտքն այնքան ոգեւորող է:
-Դուք կարծում եք, որ վիրտուալ իրականությունը բացառապես լա՞վ բան է:
-Այո, կարծում եմ՝այն շատ լավ բան է: Ես 46 տարեկան եմ եւ հիշում եմ աշխարհը ինտերնետից առաջ: Փոխվել է այն, որ մարդիկ կարող են միմյանց հետ հաղորդակցվել: Եվ քանի որ մարդիկ ունեն այդ հնարավորությունը, կառավարությունների գործն ավելի քիչ կարեւոր է դառնում. մենք կարող ենք միմյանց հետ խոսել, ստեղծել զուգահեռ հարթակներ: Հիասքանչ է այն, թե այսօր մադրիկ ինչքան շատ բան գիտեն աշխարհի մասին, օրինակ՝ Facebook-ի, Twitter-ի միջոցով:
Վիրտուալ իրականությունը եւ սոցցանցերը կապված են, հիշեք Facebook-ի կողմից Oculus VR-ի գնումը եւ հետագա զարգացումը:
Մի բան ասեմ սեփական փորձից: Ես փորձել եմ 360 աստիճանով վիրտուալ իրականություն՝ հայտնվելով սիրիացի փախստականների ճամբարում: Դա փոխեց ամեն ինչ, իմ ընկալումը փոխվեց: Այնտեղ մի երեխա կար, եւ ես էլ ունեմ երեխա: Ու հանկարծ մտածեցի, ախր այդտեղ կարող էր լինել իմ երեխան:
Հիմա, երբ քեզ լուր են մատուցում, տեսախցիկը ցույց է տալիս այն, ինչ տեղի է ունենում քո առջեւում, սակայն երբեք չես տեսնում, թե ինչ է տեղի ունենում հետեւի մասում:
360 աստիճան վիդեոներով տեսնում եք ողջ պատկերը: Այդ ֆորմատով դիտել եմ նաեւ Հոնկոնգի ցույցերը, ես ոստիկանների ու ցուցարարների մեջտեղում էի, ու կարողանում էի տեսնել երկու կողմերին էլ: Զգում էի, որ ոստիկանությունը եւս վախեցած է, գուցե շատ ավելի՝ քան այդ մարդիկ: Ուզում եմ ասել, որ վիրտուալ իրականությունը փոխում է մեր աշխարհընկալումը, ինչը իմ կարծիքով, լավ է:
-Գիտեի՞ք, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք զբաղվում են վիրտուալ իրականության պրոդուկտներ մշակելով:
- Ինձ ասել են, որ այստեղ նման ստարտափներ կան: Ենթադրում էի, որ կլինեն: Վերջին 12 ամիսների ընթացքում եղել եմ Ավստրալիայում, Կանադայում, Նիդեռլանդներում եւ այլն. այդ երկրներից յուրաքանչյուրում կան խելացի մադրիկ, որոնք ձգտում են մտածել նոր բաների մասին՝ կապված վիրտուալ իրականության հետ:
-Կցանկանայի՞ք աշխատել հայ պատանիների հետ, սովորեցնել նրանց վիրտուալ իրականություն ստեղծելու գաղտնիքները:
-Դա այն բաներից մեկն է, որ ես կուզեի անել: Ես հիացած եմ «Թումո»-ով, սա հիանալի վայր է: Այստեղ 6000 պատանի է սովորում, եւ եթե նրանց 10 տոկոսը հետագայում խորանա վիրտուալ իրականություն ստեղծելու մեջ, ապա դա հրաշալի կլինի:
Այսօր շատ լավ հնարավորություն կա, քանի որ անցած տարի Unity 3D խաղային շարժիչն անվճար դարձավ:
Երբ ես էի 16-17 տարեկան, առաջին անգամ հնարավոր դարձավ տանը երաժշտություն ստեղծել, կարող էիր գնել ձայնագրիչ եւ տան պայմաններում ձայնագրել: Այն ժամանակ դա հեղափոխություն էր: 1993թ. մոտ 6 ամիս գիշերները արթուն էի մնում, երաժշտություն ձայնագրում, ադպես 3 ալբոմ ինքս թողարկեցի: Գումար չէր բերում, սակայն իմ ոգեւորությունը մեծ էր: Դա դարձավ կարիերա, քանի որ հասկացա, որ կարող եմ ինքս դա անել:
Հիմա, երբ Unity 3D-ն անվճար է, պայմանները շատ ավելի լավն են: Եթե իմ առաջին գնած ձայնագրիչն արժեր 150 ֆունտ, որը ես ու ընկերս գումար տնտեսելով գնեցինք, ապա այսօր եթե ունես համակարգիչ, ապա դա եւս բավական է ստեղծարար լինելու համար:
Կարեւոր է գործիքներ տալ այն երեխաներին, որոնք ցանկանում են ինքնուրույն անել ինչ-որ բան:
Իմ այս շոուների վերջնական նպատակն է այնպես անել, որ մարդիկ ավելի լայն մտածեն վիրտուալ իրականության մասին: Հասկանան, որ դա միայն խաղ կամ ֆիլմ չէ: Մտածել է պետք այն մյուս բոլոր բաների մասին, որոնք կարելի է անել դրա միջոցով:
Վիրտուալ իրականությունը պատմություն պատմելու լավ գործիք է:
Սայմոն Ուիլքինսոնի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի