09:38 | 30.03.16 | Հարցազրույցներ | exclusive 14700

Մուստաֆա Սադջադի. Cartly-ն կհեշտացնի ՀՀ-ում մթերային գնումների գործընթացը

Сartly մթերային ապրանքների օնլայն գնումների համար նախատեսված մոբայլ հավելվածի մասին Itel.am-ը պատմեց շուրջ 1 ամիս առաջ, երբ գործարկվել էր վերջինիս Android տարբերակը:

Ստարտափը, որը մասնակցել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» (ՄԻԿ) աքսելերացիոն ծրագրին, օրեր առաջ գործարկեց հավելվածի iOS տարբերակը: Այս թարմացման, ինչպես նաեւ ստարտափի զարգացման հեռանկարների շուրջ զրուցել ենք Cartly-ի իրանցի հիմնադիր Մուստաֆա Սադջադիի հետ:

-Օրեր առաջ գործարկվեց Сartly-ի iOS տարբերակը: Ի՞նչ փոփոխություններ են արվել այս տարբերակում:

-Այս ընթացքում Android օգտատերերի կողմից մեծաքանակ կարծիքներ ենք ստացել, շատ բան ենք սովորել եւ կիրառել: Շնորհակալ ենք մեր բետա օգտատերերին եւ 70-ից ավելի հաճախորդներին, որոնք մեզ վստահելով՝ առաջին շրջանում ապրանքներ էին պատվիրում այն ժամանակ, երբ հավելվածն ընդհանրապես հայտնի չէր:

iOS տարբերակում ավելացրել ենք 2 նոր գործառույթ. այսուհետ հաճախորդը կարող է ընտրել պատվերի առաքման ժամանակահատվածը: Պատկերացրեք մի կին աշխատավայրից, օրինակ, ժամը 15:00-ին պատվեր է կատարում 19:00-20:00-ի համար եւ աշխատանքից հետո պարզապես գնում է տուն՝ չմտածելով մթերային ապրանքներ գնելու խնդրի մասին: Ի դեպ, ժամը 21:00-ից հնարավոր է արդեն պատվեր կատարել հաջորդ օրվա համար:

Մյուս գործառույթն այն է, որ հաճախորդը կարող է տեսնել իր նախորդ պատվերների պատմությունը, այդ թվում՝ ծախսած գումարները:

Ի դեպ, գործում է նաեւ բողոքարկման հնարավորություն. Եթե ձեզ մատակարարած պրոդուկտը հին է կամ ձեզ ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս, ապա կարող եք մեզ զանգահարել՝ մենք կգանք, այն ետ կվերցնենք այն եւ կվերադարձնենք գումարը:



-Ի՞նչ եք ծրագրել առաջիկա 3 ամիսների համար:

-Նախ, մենք ցանկանում ենք օգնել մարդկանց՝ շոփինգը դարձնելու ավելի հարմար եւ պարզ՝ առանց սուպերմարկետ այցելելու, խնայալով ժամանակ եւ նյարդեր: Սա մեր հիմնական նպատակն է առաջիկա 2-3 ամիսների համար:

Ներկայում հավելվածը երկու հարթակներում միասին ունի 1000-ից ավելի ներբեռնում:

iOS-ի ներբեռնումների թիվն արդեն այս պահին կրկնակի գերազանցում է Android-ի ցուցանիշը: Մենք շարունակում ենք զարգանալ եւ նորանոր պատվերներ ստանալ: Ծրագրում ենք օրական պատվերների թիվը հասցնել 200-300-ի:

Կարծում ենք՝ iOS տարբերակը կգերազանցի Android-ի ցուցանիշը մոտ մեկ շաբաթվա ընթացքում:

Առաջիկայում ավելացվելու է «լոգինի» գործառույթը, որպեսզի մեր հաճախորդները կարողանան համակարգ մուտք գործել այլ սարքերից եւս, իսկ շոփինգի պատմությանը հնարավոր կլինի ծանոթանալ շաբաթական եւ ամսական կտրվածքով:

-Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ նախատեսում եք սեպտեմբերին մուտք գործել իրանական շուկա: Ինչ-որ բան արդեն արվե՞լ է այդ ուղղությամբ:

-Դա դեռ ծրագիր է, իսկ ստարտափների համար պլանները ոչ միշտ է, որ ճշգրիտ կերպով իրականանում են:

Այս պահին մենք հիմնականում կենտրոնացած ենք Հայաստանի շուկայի վրա, քանի որ կարեւոր ենք համարում մեկ շուկայում աշխատելը եւ տեղի մարտահրավերներին դիմակայելը: Հետագայում արդեն կմտածենք հաջորդ շուկայի մասին:

- Աշխատո՞ւմ եք ներդրումների ներգրավման ուղղությամբ:

- Այս պահին բանակցություններ ենք վարում մի շարք շահագրգիռ կողմերի հետ, որոնք ցանկանում են ներգրավվել այն ամենում, ինչ մենք անում ենք:

Կարծում եմ, եթե 3 ամիս անց նրանք շարունակեն հետաքրքրված մնալ, ապա նրանցից ներդրումներ կակնկալենք:

Մուստաֆա Սադջադիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը