07:07 | 17.03.16 | Հոդվածներ | exclusive 4917

Wandelion-ում ապրիլի 10-ից հնարավոր կլինի պատվիրել տուրեր

Wandelion օնլայն տուրիզմի հարթակում ապրիլի 10-ից հնարավոր կլինի պատվիրել տուրեր:  

Itel.am-ի հետ զրույցում Wandelion-ի համահիմնադիր Զորիկ Ծատուրյանը տեղեկացրել է, որ ապրիլի 10-ից հասանելի կլինի կայքը, որտեղ ներկայացված կլինեն ինչպես մեկօրյա, այնպես էլ երկարաժամկետ տուրեր:

«Հարթակը հավասարազոր պայմաններ է տրամադրում թե մեծ, թե փոքր տուր օպերատորներին: Մեկօրյա տուր փաթեթներ ներկայացնելու հնարավորությունը հարմար է հատկապես փոքր տուր օպերատորների համար: Մեկօրյա փաթեթների միտքը մեզ հուշեցին ԴիջիԹեք էքսպոյի՝ մեր տաղավար այցելած հյուրերը, որոնք, ծանոթանալով կայքին, հետաքրքրվում  էին՝ արդյոք իրենք կարո՞ղ են օգտվել նրանից, թե ոչ: Սա մեզ համար ազդակ հանդիսացավ, որպեսզի ուսումնասիրենք տեղական շուկան: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներքին շուկայում ճանապարհորդողները հիմնականում օգտվում են մեկօրյա տուր փաթեթներից: Որոշեցինք կայքում հնարավորություն ստեղծել նաեւ այն տուր օպերատորների համար, որոնք առաջարկում են մեկօրյա տուր փաթեթներ՝ հարմար տեղացի զբոսաշրջիկների համար»,- նշել է Զորիկ Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ ներկայում Wandelion-ի ուշադրության կենտրոնում կազմակերպված տուրիզմն է: Թիմն աշխատում է կայքում նոր գործիքի՝ «Տուր դիզայն»-ի վրա, որը փորձարկման փուլում է:
 
«Դա հնարավորություն կտա զբոսաշրջիկին ինքնուրույն նախագծել տուրը՝ ընտրելով ոչ միայն ճանապարհը, այլեւ իր բյուջեին համապատասխան գիշերակաց, փոխադրամիջոց, ուղեկցորդ, որի արդյունքում նա կստանա գնային առաջարկ ու կկարողանա գնել նախագծված տուրը: Այս ամենը տեղի է ունենում իրական ժամանակում եւ շատ արագ: «Տուր դիզայն» գործիքը շատ օգտակար է հատկապես այն զբոսաշրջիկների համար, որոնք որոշել են ճանապարհորդել այնպիսի տարածաշրջաններ, որտեղ թույլ են զարգացած տուրիստական ենթակառուցվածքները»,- նշել է Wandelion-ի համահիմնադիրը:



Կայքում գործում է արդեն կայացած տուրերի պատվիրման առցանց համակարգ: Զորիկ Ծատուրյանի խոսքով՝ եթե զբոսաշրջիկը չի հասցրել ինչ-որ տուրի մասնակցել, նա կարող է այն պատվիրել իր նախընտրած ժամանակահատվածում (եթե, իհարկե, տուրի սեզոնայնությունը դա թույլ է տալիս), եւ իրական ժամանակում՝ կախված մարդկանց քանակից, ստանալ գնային առաջարկ: Համակարգը հնարավորություն է ընձեռում տուրի մասնակիցներից յուրաքանչյուրին վճարում կատարել անձամբ իր համար:

Wandelion-ի համահիմնադիրը նշել է, որ իրենց հարթակը նաեւ հետաքրքիր մրցակցություն է ստեղծում տուր օպերատորների միջեւ, որի արդյունքում կբարձրանա վերջիններիս կողմից տրամադրվող ծառայությունների որակը:

«Փորձը ցույց է տալիս, որ համացանցում գործող հարթակներում վաճառքների ավելացման համար կարեւոր դեր են խաղում օգտատերերի հետադարձ կարծիքները: Wandelion-ից գնած տուր փաթեթների մասնակիցները հնարավորություն ունեն իրենց մատուցված ծառայությունը գնահատելու, ըստ որի՝ տվյալ տուրի վարկանիշը բարձրանում է կամ ընդհակառակը՝ իջնում: Այնպես որ, միանման տուր փաթեթի դեպքում բարձր վարկանիշ ունեցող տուր փաթեթն ավելի շատ վաճառք կունենա՝ նույնիսկ եթե այն արժեքով լինի ավելի բարձր»,- ընդգծել է Զորիկ Ծատուրյանը:

Զորիկ Ծատուրյանը Wandelion-ի առավելություններից համարում է նաեւ այն, որ զբոսաշրջիկը այլեւս կարիք չի ունենա առանձին-առանձին այցելելու տուր օպերատորի կայքերը՝ իրեն հետաքրքրող փաթեթը փնտրելու նպատակով, եւ հարցում չի ուղարկի այս կամ այն փոփոխությունը կատարելու համար, քանի որ բոլոր տուրերը հավաքվում են մեկ հարթակում՝ անհրաժեշտ բոլոր գործիքներով հանդերձ: 

Wandelion-ի ստեղծման գաղափարը ծագել է 2012թ.: Wandelion անվանումն առաջացել է անգլերեն Dandelion (խատուտիկ) բառից: Ըստ հարթակի հեղինակների՝ քամու շնորհիվ այս ծաղկի մասնիկների տարածումը տարբեր ուղղություններով խորհրդանշում է ճանապարհ: Wandelion-ը հաղթող է ճանաչվել 2015թ.-ի մարտի 23-24-ին կայացած Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթում:

Նարինե Դանեղյան