«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը
«Էրիկսսոն Նիկոլա Տեսլա» ընկերության նախագահ Գորդանա Կովաչեւիչը
10:33 | 16.03.16 | Նորություններ | 7059
«Յուքոմը» Հայաստանի ամբողջ տարածքում ներդնում է LTE ռադիոհասանելիության ցանց, որը կընդգրկի 800-ից ավելի բնակավայր`հասանելի լինելով բնակչության շուրջ 95%-ին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Նրա խոսքով՝ այս կապակցությամբ պայմանագիր են ստորագրել «Էրիկսսոն» ընկերության հետ, որի շրջանակում վերջինս տրամադրելու է Ericsson Radio System ընտանիքի ռադիոսարքավորումներ, ինչպես նաեւ գործարկելու է վերլուծական համակարգ, որը կօգնի գնահատել բաժանորդների փոփոխվող պահանջները եւ խթանել հաճախորդների գոհունակությունը:
Հայկ Եսայանի փոխանցմամբ՝ LTE ցանցի ներդրումը հանրապետության ամբողջ տարածքում կապահովի բարձրորակ շարժական կապ, անվտանգության բարձր մակարդակ, կստեղծի ամբողջական IP ցանց, 3 ծառայությունների համատեղ տրամադրման հնարավորություն (ձայն, տվյալ, վիդեո):
«Այս ցանցի ներդրմամբ մեր բաժանորդների համար կապահովենք ավելի արագ եւ որակյալ ինտերնետ, քանի որ ինտերնետը դարձել է մեր առօրյայի կարեւորագույն բաղադրիչներից մեկը եւ անփոխարինելի է թե բիզնեսում, թե հասարակական կյանքի այլ բնագավառներում: Բացի այդ, LTE ցանցի ներդրման ժամանակ կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր»,- ընդգծել է Հայկ Եսայանը:
«Յուքոմի» տնօրենը տեղեկացրել է, որ LTE ռադիոհասանելիության ցանցը բաղկացած է լինելու ՀՀ-ում ռադիոծածկույթ ապահովող բազմաթիվ բազային կայաններից ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Արդյունքում, հանրապետության բազմաթիվ քաղաքներում հասանելի կլինի բարձր արագությամբ ինտերնետ կապ, իսկ փոքր բնակավայրերում եւ այլ տարածքներում մաքսիմալ արագությունը կարող է հասնել մինչեւ 70Մբիթ/վ:
«Այս տարվա պայմանագիրը $20 մլն սահմաններում է, եւ վերաբերում է միայն LTE ռադիոհատվածին: Մի քանի անգամ ավելի շատ գումարներ են ծախսվելու ներքին ենթակառուցվածքների ստեղծման եւ այլ ուղղություններով: Առաջին փուլի շրջանակում $6 մլն սարքավորում է ներկրվելու Հայաստան, որից $4.3 մլն-ի սարքավորումներն արդեն այստեղ են: Մոտ մեկ շաբաթից սկսելու ենք դրանց տեղադրման աշխատանքները»,- տեղեկացրել է Հայկ Եսայանը:
«Էրիկսսոն Նիկոլա Տեսլա» ընկերության նախագահ Գորդանա Կովաչեւիչն իր հերթին բարձր է գնահատել այն, որ «Յուքոմն» իրենց է ընտրել այս ռազմավարական ծրագրի իրականացման համար:
««Էրիկսսոնի» ամենաժամանակակից հեռահաղորդակցման պլատֆորմի հիման վրա LTE ցանցի ներդրման արդյունքում՝ «Յուքոմը» հնարավորություն կունենա իր բաժանորդներին առաջարկել հայկական շուկայում ամենաբարձր որակ ունեցող բջջային ծառայություններ»,- ասել է Գորդանա Կովաչեւիչը:
Բազային կայաններն օգտագործելու են բարձր հաճախականությունների շերտեր, ինչի արդյունքում LTE ռադիոհասանելիության ցանցը կապահովի հսկայական թողունակություններ եւ մաքսիմալ արագություններ: