09:54 | 29.02.16 | Նորություններ | 4224
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով, Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղում 11 ընտանիքի խնդիր է լուծվել. ավարտին է հասցվել կիսակառույցների շինարարություն, իրականացվել է վերանորոգում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Գրիգորյաններին այցելել էին ամիսներ առաջ՝ այցի նախoրեին գնված եւ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող բնակարանը տեսնելու համար:
«Սահմանից հեռու բնակվող մեր հարազատների համար հաճախ զարմանալի է, թե ինչու ենք դեռ բնակվում այստեղ, ուր ամեն վայրկյան առկա է գնդակոծության վտանգը: Գիտե՞ք, սա է մեր տունը, մեր հողը: Այսօր, երբ ունենք մեր սեփական բնակարանն ու հարմարավետ բոլոր պայմանները, ավելի ամուր ենք կապված մեր գյուղին: Շնորհակալ ենք», - ասել է ընտանիքի հայրը՝ Հայրապետը:
«Երբ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում վերագնահատել իրականացվող այս ծրագիրը՝ ուրախությամբ եմ արձանագրում, որ գործընկեր կազմակերպության հետ կարեւոր ու հաջողված գործ ենք անում: Բնակարանի խնդիրը լուծված է, մենք ավարտել ենք մեր գործը, սակայն, հաջողության իրական փուլը դեռ առջեւում է. ընտանիքը վստահ կշարունակի ապրել այստեղ, եւ տան խնդիրն այլեւս խոչընդոտ չի լինի ավելի մեծ թվով զավակներ ունենալու հարցում: Մեր ազգի համար երկու նպատակն էլ ռազմավարական է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Բնակարանաշինության ծրագիրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում սկսեցինք իրականացնել 2014թ-ին, որի արդյունքում կիսակառույց տան շինարարությունն ավարտեց կամ տունը վերանորոգեց 16 ընտանիք, իսկ այսօր այդ թիվն արդեն 27-ն է: Այս ընտանիքների համար բարելավված բնակարանային պայմանները միայն կենցաղային խնդիր չեն, այլեւ ռազմավարական: Ուրախ եմ, որ կարողանում ենք լինել սահմանին բնակվող ընտանիքների կողքին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2007թ.-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները: