17:47 | 22.02.16 | Նորություններ | 2915

Սահմանամերձ գյուղերի 70 պատանի ուսանում է «Թումո Դիլիջան»-ում

Տավուշի սահմանամերձ գյուղերի մոտ յոթանասուն պատանի արդեն վեց ամիս է, ինչ ուսանում է «Թումո Դիլիջան»-ում:

«Թումո»-ի, «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի ու Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի շրջանակում պատանիներն ամեն շաբաթ օր այցելում են «Դիլիջանի Թումո», ծանոթանում կենտրոնի հիմնական կրթական ոլորտներին, անցնում ինքնուսուցման ինտենսիվ սկզբնական փուլով եւ կողմնորոշվում իրենց հետաքրքրություններում:

Երբ ամիսներ առաջ ծրագիրը մեկնարկել էր, նոր թումոցիները երեսունն էին, իսկ պլանավորվող դասերի տեւողությունը՝ երեք ամիս: Պլանները հետագայում փոխվել են, եւ ուսանողների թիվն ավելացել է:

«Նրանք ոչ միայն արդիական հմտություններ են ձեռք բերել, այլեւ ավելի բաց են դարձել, անկաշկանդ: Ազատորեն են ապագայի պլաններ կազմում, որովհետեւ գիտեն՝ որտեղ ակտուալ գիտելիքներ ստանալ»,- պատմել է «Հայրենիքի Դարպասներ» ՀԿ-ի հիմնադիր եւ նախագահ Արման Հայրապետյանը:

«Թումո Դիլիջան»-ի համակարգող Տաթեւ Մանտոյանը կիսվել է ուսանողների հետ իր անցկացրած զրույցների ու մի քանի հարցումների տպավորություններով. «Դե, բոլոր քաղաքների, տարիքի ու սեռի թումոցիների ամենասիրելի ուղղություններից մեկը ռոբոտաշինությունն է, ու այս նախագծի ուսանողներն էլ, իհարկե, այդ թվում են: Բայց բացի դրանից մի հետաքրքիր փաստի հանդիպեցի՝ սահմանամերձցիները հատկապես հետաքրքրված են ֆիլմերի ստեղծմամբ, լուսանկարչությամբ, ու ընդհանրապես՝ մեդիայի ոլորտով»: