15:00 | 22.02.16 | Նորություններ | exclusive 1583

17.am հարթակը՝ հայաստանցի պատանիների արտահայտման միջոց

Շուրջ մեկ տարի առաջ գործարկված 17.am հարթակն այսօր միավորում է 14-ից 25 տարեկան մի քանի հարյուր պատանի եւ երիտասարդ լրագրողների՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից:

Հարթակում զետեղված են երիտասարդ լրագրողների հոդվածները, լուսանկարներն ու տեսանյութերը: 

Կայքը «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի նախագիծն է, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ`«Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի շրջանակում:

Itel.am-ի հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Ռուզաննա Բաղդասարյանը պատմել է, որ առցանց հարթակը բաց է բոլոր պատանիների եւ երիտասարդների համար:



«Տարիներ շարունակ լրագրության, ֆոտոյի եւ կինոյի դասեր ենք անցկացրել Երեւանի եւ հարակից մարզերի պատանիների համար: Այժմ նույնն անում ենք բոլոր մարզերի, անգամ ամենահեռավոր բնակավայրերի պատանիների համար: Պատրաստ ենք անգամ մեկ հետաքրքրված երեխայի համար հասնել հեռավոր գյուղեր: Այդ դասընթացների արդյունքում հետաքրքրվող պատանիներն ընդգրկվում են Հայաստանի պատանի լրագրողների ցանցում, որտեղ արդեն շուրջ 500 պատանի կա»,- նշել է Ռուզան Բաղդասարյանը: 

Նրա խոսքով՝ մարզերի պատանիների հետ պարբերաբար աշխատելու հնարավորություն տալիս են ժամանակակից տեխնոլոգիաները:

«Պատանիների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Նրանք ունեն ամենօրյա խորհրդատվության կարիք, եւ օնլայն շփումը մեծ արդյունքներ է տալիս»,- ասել է Ռուզան Բաղդասարյանը:



Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս, որ երիտասարդներն ինքնարտահայտվեն եւ ներկայացնեն իրենց հուզող խնդիրները:

«Յուրաքանչյուր պատանի ունի ստեղծագործելու տաղանդ, որը բացահայտել է պետք: Սա նաեւ նպաստում է, որ պատանի թղթակիցները հանդես գան որպես ակտիվ քաղաքացի, պատմեն իրենց, իրենց մարզի, գյուղի խնդիրների մասին: Հարթակն մարզերի կյանքի մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու միջոց է»,- նշել է նա:  

Նարինե Դանեղյան