16:01 | 11.01.16 | Հոդվածներ | exclusive 3290

GiftsApp եւ Triip. Երկու նոր հավելված՝ շուտով

2015թ. ընթացքում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ՀԲ-ի եւ Կառավարության կողմից իրականացված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում ֆինանսական աջակցություն է ստացել 32 ստարտափ:

Տրամադրած համաֆինանսավորվող դրամաշնորհները նպատակ ունեն Հայաստանում ձեւավորել ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր, ինչպես նաեւ խթանել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ստեղծումը Երեւանում եւ մարզերում։ 
 
Դրամաշնորհ ստացած ընկերությունների մի մասն այս տարի արդեն զարգացում է գրանցել, մյուսների առաջին հաջողություններին էլ ականատես կլինենք արդեն գալիք տարում:

Itel.am-ը ներկայացնում է դրանցից երկուսին:

GiftsApp` նվերների փոխանցում ամբողջ աշխարհում

GiftsApp հայկական հավելվածն ընկերների հետ շփման եւ նվերների փոխանցման հարթակ է, որը հնարավորություն է տալիս հարմարավետ եւ ճկուն ձեւով միմյանց նվերներ փոխանցել՝ ամբողջ աշխարհում:

Itel.am-ին հավելվածի տեխնիկական տնօրեն Վիկտոր Օհանյանը պատմել է, որ հավելվածի բետա տարբերակն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ում, որի հիման վրա մոտ ապագայում կգործարկվի iOS տարբերակը: 

«Կառուցվածքային առումով այն բաղկացած է խոշոր վաճառողների ապրանքների շտեմարանից եւ սոցիալական հարթակից, որտեղ մարդիկ կիսվում են իրենց նախապատվություններով, փոխանցում նվերներ եւ հաղորդակցվում ընկերների հետ»,- պատմել է Վիկտոր Օհանյանը:

Նրա խոսքով՝ թիմում առկա են մի քանի հիմնադիրներ, իսկ բուն աշխատանքային թիմը բաղկացած է վեց հոգուց:

GiftsApp-ի թիմը հավելվածի մշակման երկարաժամկետ ծրագիր է մշակել: Դրանում նախատեսված են նոր գործառույթներ, օրինակ՝ կուտակային միավորների մեխանիզմը, խմբակային գնումները, օրացույցն ըստ իրադարձությունների, թիմային նվերի գործիքը եւ այլն:

Triip՝ ռեստորանների օնլայն ամրագրում

Triip-ը բազմապլատֆորմ (iOS, Android) մոբայլ հավելված է, որի միջոցով հնարավոր է լինելու գտնել, ամրագրել եւ գնահատել ռեստորանը, ինչպես նաեւ նախապես որոշել, թե ուր գնալ եւ երբ։

Itel.am-ի հետ զրույցում մոբայլ ծրագրավորման խմբի ղեկավար Շահեն Մայիլյանը նշել է, որ թիմը բաղկացած է 8 հոգուց:

«Հավելվածի զարգացումը ընթանում է հիմնադիրների սեփական ուժերով։ Մայիսին Triip-ն ընդգրկվեց նաեւ ՁԻՀ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթող հավելվածների շարքում։ Այդ առումով շատ ենք գնահատում ՁԻՀ մասնագիտական եւ ֆինանսական աջակցությունը, որը մեզ թույլ է տալիս առավել վստահ առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է ներդրողներին, այդպիսիք առայժմ չկան, բայց հավելվածի զարգացման որոշակի փուլում պլանավորում ենք ներգրավել ներդրողների՝ հետագա զարգացումն ապահովելու նպատակով»,- պատմել է Շահեն Մայիլյանը:

Նա տեղեկացրել է, որ հավելվածի նախնական տարբերակը ներկայացվել է Digitech Expo 2015-ի ընթացքում:

«Triip-ը ներկայացվեց ՁԻՀ տաղավարում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընդունվեց այցելուների կողմից։ Այն դրական է գնահատվել նաեւ ոլորտի առաջատար մասնագետների կողմից։ Մենք վստահ ենք, որ Triip-ն իր տեղը կգտնի նաեւ համաշխարհային շուկայում»,- ընդգծել է Շահեն Մայիլյանը:

Նրա խոսքով՝ 2016թ. նախատեսվող հավելվածի առաջին թողարկման ժամանակ նախատեսում են ունենալ ռեստորանների որոնման, նամակագրությունների, միջոցառումների ստեղծման համակարգեր։ Ժամանակի ընթացքում կավելացվեն նաեւ ամրագրումների, վճարումների, ռեստորանների պրոֆեսիոնալ գնահատման եւ մի շարք այլ համակարգեր։
 
Նարինե Դանեղյան