16:24 | 08.12.15 | Նորություններ | 2825

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է իրագործված կամավորական նախաձեռնությունները

Դեկտեմբերի 5-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված է կամավորի միջազգային օր, որի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իր իրագործած ծրագրերը:

Նշվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում եւ առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

«Անձնական նախաձեռնությամբ եւ ընկերության սոցիալական ներդրումների ծրագրերից անկախ՝ ընկերության աշխատակիցները մասնակցում եւ միջոցներ են տրամադրում կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծմանն ու հասարակության թիրախային խմբերին օժանդակելուն ուղղված ծրագրերի: Մինչեւ օրս իրագործվածների թվին են պատկանում՝ ծառատունկերը, համակարգչային սենյակների ստեղծումը, գյուղական համայնքներում իրականացվող բնակարանաշինության լայնամասշտաբ ծրագրին մասնակցությունը, Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի կառուցումը, սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում պաշտպանիչ պատի կառուցումը, Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու տարածքում ցանկապատի կառուցումը, եւ այլն»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում խոսել են նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով իրականացված նախաձեռնությունների մասին: Դրանցից են Երեւանի կենդանաբանական այգու տարածքում ՀՀ-ում ներառական առաջին խաղահրապարակի կառուցումը, այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնումն ու օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին մշտադիտարկման նոր սերնդի սարքավորումների տրամադրումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը աջակցել է նաեւ ջրամատակարարման համակարգի կառուցմանը Լոռու մարզի Չկալով եւ Արագածոտնի մարզի Ուշի գյուղերում: