14:31 | 08.12.15 | Նորություններ | 5461
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացրել են «Ինչ են պատմում զարդանկարները» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնում գործող «Շունչ» ցուցահանդեսի շրջանակում:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները դիտում են ցուցադրությունը, ծանոթանում ներկայացված «Շունչ» նախագծին: Այնուհետեւ, կենտրոնի Ստեղծագործական սրահում ներկայացվում է տեսանյութ զարդարվեստի մասին՝ ցույց տալով վերջինիս կապը ճարտարապետության, արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաեւ ժամանակակից դիզայնի հետ: Ամփոփելով սրահում ներկայացվածն ու տեսանյութը՝ մասնակիցները ստեղծում են իրենց զարդանկարները: Մինչ այսօր իրականացվել է «Ինչ են պատմում զարդանկարները» ծրագրի շուրջ 12 պարապմունք, որին մասնակցել է 230 դպրոցական:
«Հետեւելով ծրագրերի ընթացքին, շփվելով երեխաների եւ նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին եւ արձագանքներին, շատ տպավորիչ է, որ կարողանում ենք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Եկեք միասին, Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն եւ մեծ ոգեւորությունն, իսկ մենք մեր հերթին կփորձենք երեխաների եւ նրանց ծնողների կյանքը դարձնել էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթեւ Այրումյանը:
«Բարձր ենք գնահատում Beeline–ի շարունակական հովանավորությունը, որի շնորհիվ կենտրոնի մշակութային փորձը հասանելի է դառնում երեխաների եւ պատանիների լայն շրջանակներին»,- ասաց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։