17:36 | 01.12.15 | Նորություններ | 1438

The Hour of Code-ի հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է

Դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում կայանալիք The Hour of Code («Ծրագրավորման ժամ») միջոցառմանն արդեն գրանցվել է 80-ից ավելի աշակերտ:

«Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող միջոցառմանը մասնակցելու հայտերն ընդունվելու են մինչեւ դեկտեմբերի 13-ը:

The Hour of Code-ը միջազգային ձեւաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաեւ զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները: 

«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: The Hour of Code-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: 2014թ. անցկացված առաջին «the Hour of Code»-ը ցույց տվեց, որ նման նախաձեռնությունները համախմբում եւ ոգեւորում են բազմաթիվ պատանիների: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձեւաչափերը եւ համարում նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում ապագա սերնդի կրթության եւ զարգացման հարցում»,- ասել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչեւ մեքենաներ, բժշկությունից մինչեւ առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի, ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարեւորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց կարեւոր է նաեւ իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը: