10:52 | 18.11.15 | Նորություններ | 3517

Ստարտափների բումը Հայաստանում. հայացք դրսից

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն օրերս հրապարակած իր «ՏՏ՝ Արարատին նայող տեսարանով. ինչով է ստարտափներին գրավում Հայաստանը» ծավալուն հոդվածում անդրադարձել է Հայաստանում ստարտափների եւ ՏՏ զարգացման բումին՝ փորձելով հասկանալ հիմքերն ու պատճառները:

Պարբերականը մեջբերում է Macroscope Consulting-ի հիմնադիր Գարեթ Մարտին Ջոնսթոնի խոսքը, որը Հայաստանը տեխնոլոգիական զարգացման առումով համեմատում է Իռլանդիայի հետ:

«Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների համատեքստում նման է Իռլանդիային Եվրոպայում: Իռլանդացիները նորարարներ են, վառ եւ տաքարյուն անհատականություններ, որոնց ներքին շուկան չի բավարարում: Հայերը եւս մշտապես նայել եւ նայում են արտաքին շուկաներին եւ գլոբալ են մտածում, որովհետեւ ներքին շուկան բավական փոքր է»,- ասում է Գարեթ Մարտին Ջոնսթոնը:

Նրա խոսքով՝ հայկական Սփյուռքը հզոր է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում:

«Հայերն արագ են, հարմարվող եւ լավ ուղեղով: Հենց այդ պատճառով են այսօր օտարերկրյա ՏՏ ընկերություններն իրենց գրասենյակները հիմնում Հայաստանում, որոնցում աշխատում են բարձրակարգ մասնագետներ»,- ասում է փորձագետը:

Նա վստահ է, որ Հայաստանն ու ՏՏ հայ մասնագետները մեծ ապագա ունեն:

«Ես շփվել եմ Հայաստանում ստարտափների եւ ձեռներեցության զարգացմամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչների հետ: Նրանք ցանկանում են հարստացնել աշխարհը հայկական գաղափարներով: Սա այն է, ինչը պակասում է ռուսական ստարտափներին՝ ձգտում դեպի արտաքին շուկաները եւ գլոբալ տեսլական»,- նշում է Գարեթ Մարտին Ջոնսթոնը:

CCC Startups-ի գործընկեր Մաքս Գուրվիցը եւս կարծում է, որ Հայաստանը տեխնիկական լուրջ ներուժ ունի:

«Դեռ խորհրդային տարիներին Երեւանում տեխնիկական լավ դպրոց կար, իսկ հայ ինժեներները գնահատված էին ամբողջ Միությունում»,- ասում է նա:

Մաքս Գուրվիցի խոսքով՝ ներկայում Հայաստանում մեծ դեր է խաղում Սփյուռքը: Որպես օրինակ նա նշում է Reddit-ի հիմնադիր Րաֆֆի Օհանյանին, որն ակտիվ է ամերիկյան շուկայում եւ տեղացի մասնագետներին ապահովում է աշխատանքով:

Հայաստանում որպես տեխնոլոգիական զարգացման վառ օրինակ Մաքս Գուրվիցը նշում է «Թումո» կենտրոնը: Նա հիշատակում է նաեւ «Այբ»-ը, որի հիմնադիրներից մեկը ձեռներեց Դավիթ Յանն է` ABBYY-ի հիմնադիրներից: