14:56 | 06.11.15 | Նորություններ | 3736

Բիզնես ինովացիոն ֆորումը կհյուրընկալի իսրայելցի ձեռներեցի

Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ ֆորումի գլխավոր հովանավոր BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են ֆորումի անցկացման մանրամասները:

Այն կանցկացվի նոյեմբերի 13-14-ը «Դիլիջան» առողջարանային համալիրում՝ «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Հիմնական խոսնակները կլինեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը: Վերջինս նաեւ Իսրայելի StarTau համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝
-    ինովացիոն էկոհամակարգեր
-    ինովացիա եւ կրթություն
-    ինովացիա եւ ձեռներեցություն։

«Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Բացի այդ, նպատակ ունենք նաեւ համահունչ դարձնել բիզնեսի ու պետական մարմինների քայլերը հայաստանյան ինովացիոն ոլորտում»,- ասել է Կարեն Վարդանյանը:

BetConstruct-ի գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն էլ ասել է, որ արդեն երկրորդ տարին է, որ ընկերությունը հովանավորում է այս ֆորումը:

«Այս տարի մեր ընկերությունը խաղային ինդուստրիայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա Ինովատոր»։ Ինովացիան մեր հաջողության գրավականն է եւ, համոզված եմ, այն կենսական նշանակություն ունի Հայաստանի եւ հայկական ընկերությունների զարգացման համար»,- նշել է նա: