12:02 | 03.11.15 | Հոդվածներ | exclusive 4112

Full Life. Հայկական նոր հավելվածը կօգնի օֆլայն հանդիպել

Գործարկվել է հայկական Full Life մոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս գտնել եւ հետագայում հանդիպել մոտակայքում գտնվող միեւնույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց:

Հավելվածը հասանելի է Google Play-ում:

Հավելվածի համահիմնադիրներից Նարեկ Դանիելյանը Itel.am-ին պատմել է, որ հավելվածը հիմնականում նախատեսված է այն երիտասարդների համար, որոնք նախընտրում են ակտիվ կյանք եւ ցանկանում են ձեռք բերել նոր ընկերներ:

«Full Life-ը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են լիարժեք կյանքով ապրել, օրինակ, հետաքրքիր ֆլեշմոբ կազմակերպել կամ գտնել նույն հոբբի ունեցողներին: Նախագծի հիմնական նպատակն է երիտասարդներին դուրս բերել վիրտուալ աշխարհից եւ նրանց օրը լցնել մարդկային, ակտիվ ու դրական շփումով»,- ասել է Նարեկ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ զրուցակցին գտնելու համար անհրաժեշտ է միայն բարձրաձայն հարցում անել, կամ ընտրել, թե ինչ եք ցանկանում անել (օրինակ՝ «Ցանկանում եմ հեծանիվ վարել Երեւանի փողոցներում, ո՞վ կմիանա»): Հավելվածը կգտնի մոտակայքում գտնվող մարդկանց, որոնք կիսում են ձեր ցանկությունը եւ կօգնի հանդիպել նրանց` օգտագործելով «հանդիպում» (meeting) գործիքը։

Նարեկ Դանիելյանը պատմել է, որ գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ինքը տնտեսագիտական համալսարանի ուսանող էր:

«Այդ ժամանակ գաղափար չունեի, թե իրենից ինչ է ներկայացնում ծրագրավորումը։ Սովորեցի ծրագրավորում, որոշ ծրագրեր գրելուց ու գործում հմտանալուց հետո անցա բուն նպատակիս իրագործմանը: Ծրագրի նախնական տարբերակն ստանալուց հետո ծանոթացա մասնագիտությամբ դիզայներ Տաթեւի հետ, որը համաձայնեց ինձ հետ թիմ կազմել։ Միասին աշխատելու արդյունքում հավելվածը կարծես նոր շունչ ստացավ»,- նշել է նա:

Full Life-ն առայժմ հասանելի է միայն հայ օգտատերերի համար։ Առաջիկայում փորձելու են այն ճանաչելի դարձնել Հայաստանում, որից հետո կսկսեն մտածել ամերիկյան շուկա մուտք գործելու մասին: Առաջիկայում հավելվածը նաեւ iOS տարբերակ կունենա:

Նարեկ Դանիելյանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի ստեղծել հերթական հաջողակ «Made in Armenia» պրոդուկտը:

Նարինե Դանեղյան