10:05 | 27.10.15 | Հոդվածներ | exclusive 2350

Versus. Պոլիտեխնիկի այգին՝ «մարտադաշտ»

Հայ ուսանողների պատրաստած Versus խաղը «Բաց խաղ» համակարգչային եւ մոբայլ խաղերի 5-րդ հոբելյանական առաջնության հաղթողներից է:

«Ատոմ» թիմի պատրաստած խաղն արժանացել է «Հատուկ մրցանակի», ինչպես նաեւ նվաճել «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը:

Թիմի համահիմնադիրներից Գագիկ Պապոյանը Itel.am-ին պատմել է, որ խաղի իրադարձությունները կատարվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հարակից այգում:

«Սա shooter (նշանառու) ոճի խաղ է: Երկու թիմեր հակամարտում են եւ վաստակում միավորներ: Հաղթում է այն թիմը, որն ամենաշատ միավորներն է վաստակել: Խաղը դեռ հնարավոր է խաղալ լոկալ ցանցով՝ ընկերներով, մի քանի համակարգչի առկայությամբ: Հիմա աշխատում ենք խաղի օնլայն տարբերակը պատրաստելու ուղղությամբ, որպեսզի աշխարհի ցանկացած կետից խաղացողները կարողանան միմյանց հետ խաղալ»,- նշել է նա:

Գագիկ Պապոյանի խոսքով՝ խաղը պատրաստելու գործընթացը տեւել է շուրջ երկու ամիս, խաղի վրա աշխատել է 5 մարդ:

«Խաղը ստեղծվել է Unreal Engine 4-ի միջոցով: Windows-ի համար պատրաստված խաղն օֆլայն եւ օնլայն ռեժիմներում հասանելի կլինի մեկ ամսից: Հետագայում նախատեսվում է նաեւ խաղի մոբայլ տարբերակ պատրաստել: Ընթացքում նաեւ նոր տարածքներ կավելացնենք»,- հավելել է Գագիկ Պապոյանը:
 
Նարինե Դանեղյան