Սոֆյա Առաքելյանը
11:13 | 20.10.15 | Հոդվածներ | exclusive 13246
Այսօր ստարտափներից քչերն են ցանկանում լուծել միայն լոկալ խնդիր եւ սահմանափակվել այն սահմաններով, որոնք գծում է նրանց առջեւ Հայաստանը: Եվ սա հատկապես այն դեպքում, երբ բազմամիլիոնանոց լսարան ունենալու հեռանկարը 21-րդ դարում չափազանց ռեալ է թվում: Ո՞ւր գնալ. կտրել օվկիանոսը եւ փորձել հասնել ամերիկյան երազանքի իրականացմա՞նը, թե՞ հեռու գնալն իմաստ չունի եւ կարելի է փորձել ուժերը, օրինակ, ռուսաստանյան շուկայում:
PR եւ մարքեթինգի ռազմավարության փորձագետ Սոֆյա Առաքելյանն աշխատել է Wakie ստարտափում՝ վերջինիս օգնելով տարածվել ամերիկյան շուկայում:
Itel.am-ը Սոֆյա Առաքելյանի հետ վերլուծել է երկու երկրների ստարտափ էկոհամակարգը՝ ներկայացնելով շուկաների ընդհանուր բնութագիրը:
ԱՄՆ
Սիլիկոնյան հովտում վաղուց ձեւավորված կայուն ստարտափ մշակույթ կա: Կարող ես նստել սրճարանում, իսկ շուրջբոլորդ իրենց լափթոփներով աշխատող երիտասարդներ են:
Դրական կողմերից է այն, որ շուկայում փող կա: Վենչուրային հիմնադրամների մշակույթն այստեղ վաղուց է գործում: Կա նաեւ բիզնես հրեշտակների լավ զարգացած էկոհամակարգ: Հենց նրանք են տալիս այն նախնական գումարը, որը հարկավոր է ստարտափին՝ առաջին քայլերն անելու համար: Գումար տվողը կարող է լինել թե պրոֆեսիոնալ բիզնես հրեշտակ, թե ուղղակի մեկը, որը թեեւ շուկայի հետ կապված չէ, սակայն ինչ-որ կերպ տեղեկացել է ստարտափի մասին, հետաքրքրվել եւ կարող է թույլ տալ իրեն դրանում ներդրում անել:
Բիզնես հրեշտակների բաց ցուցակներ կան, եւ այն բացելով՝ կարող ես պատկերացում կազմել, թե բիզնես հրեշտակներից որը ինչ տեսակի ստարտափներով է հետաքրքրված, հետեւաբար՝ նրանցից ով կարող է քո ստարտափով հետաքրքրվել:
Լավ է զարգացած նաեւ աքսելերատորների համակարգը: Ամենահեղինավորներներից են Y Combinator-ը, 500 Startups-ը: Դրանք օգնում են ստարտափներին զարգանալ եւ հրապուրիչ դառնալ մեծ վենչուրային հիմնադրամների համար: Եթե դու կարողանաս արժանանալ նրանց ուշադրությանը, ապա ոլորտում քեզ կսկսեն ավելի մեծ տեղ տալ:
Կարեւոր է նաեւ այն, որ գոյություն ունի մենթորների բավական զարգացած համակարգ, որոնք ստարտափների համար կարեւոր խորհրդատուներ են:
Մինչեւ ձեր ստարտափը ԱՄՆ-ում ներկայացնելը, կարելի է ճշտել, թե այդ շուկայում հայերից արդեն ով է աշխատում: Ճիշտ մոտեցման դեպքում նրանք կօգնեն ձեզ պատշաճ ներկայանալ տեղական շուկայում:
Պետք չէ վախենալ պոտենցիալ ներդրողներին ձեր ստարտափի մասին սոցցանցերում (Facebook, LinkedIn) գրելուց: Նրանց մի մասը բաց է, եւ հնարավոր է՝ ձեզ պատասխանի:
Մեկ կարեւոր նկատառում՝ ԱՄՆ-ում գործում են մի քանի վենչուրային ֆոնդեր, որոնք ֆինանսավորում են այն ստարտափներին, որոնց համահիմնադիրներից մեկը կին է: Նրանց կարծիքով՝դա նպաստում է ոլորտում կանանց ներգրավվածության ավելացմանը: Այնպես որ մտածեք այդ ուղղությամբ:
ԱՄՆ-ն հեշտությամբ է ընդունում այլ երկրներից խելացի, տաղանդավոր մարդկանց: Ազգությունն այնտեղ էական չէ. եթե դու խելացի ես եւ ունես համապատասխան հմտություններ, ապա քեզ կընդունեն:
Ռուսաստան
Այո, Ռուսաստանում կան տաղանդավոր եւ սրտացավ մադրիկ, որոնք ցանկանում են զարգացնել էկոհամակարգը: Կան վենչուրային ֆոնդեր, որոնք զարգանում են, սակայն դեռ չեն հասել ամերիկյան ֆոնդերի զարգացվածության աստիճանին:
Ռուսաստանում վերջերս նկատվող տնտեսական խնդիրների պատճառով դրանք դեռ սպասում են եւ ավելի քիչ գումար ներդնում ստարտափներում:
Ռուսաստանում 2013-ից գործում է ինտերնետ նախաձեռնությունների ФРИИ ինստիտուտը, որը ներկայանում է թե որպես ներդրող հիմնադրամ, թե նախնական փուլի ներդրումներ իրականացնող: Ինստիտուտում գործում են երեք ամիս ժամկետով աքսելերացիոն ծրագրեր՝ ստարտափների համար: Այնուհետ ստանալով ֆինանսական աջակցություն՝ ստարտափը կարողանում է անցնել պրոդուկտի մշակման փուլին:
Այս տարվա ապրիլի դրությամբ ФРИИ-ն ֆինանսավորել է 150 ծրագիր, այդ թվում 104-՝ը 2014թ.: Ֆոնդը նախատեսում է մինչեւ 2017թ. 6 մլրդ ռուբլի ներդնել 400 ստարտափում:
Ինստիտուտը պետական աջակցություն է ստանում եւ հիմնականում հետաքրքրվում է մոբայլ հավելվածներում եւ սոցիալական արժեք ներկայացնող ստարտափներում կատարվող ներդրումներով:
Չնայած այդ ռեսուրսին՝ Ռուսաստանը դեռ պետք է շատ աշխատի, որպեսզի կարողանա ստարտափների համար հրապուրիչ եւ ներդրումների զարգացած էկոհամակարգ ստեղծել:
Հաշվի առնելով առկա պայմանները՝ ներկայում Ռուսաստանում հայկական ստարտափների համար դժվար կլինի հաստատվել եւ զգալի ներդրումներ ակնկալել:
Նարինե Դանեղյան