13:41 | 23.06.15 | Նորություններ | 1130
Ամերիկյան The Intercept լրատվական կայքը գրում է, որ Kaspersky Lab-ի վրա իրականացված վերջին հարձակման հետեւում կանգնած են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները:
The Intercept-ը վկայակոչել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերը:
«Նրանք հետազոտել են թույլ կողմերը եւ փորձել կոտրել Kaspersky լաբորատորիայի՝ կիբերանվտանգության հարցերով մասնագիտացած ծրագրային ապահովումները: Ամերիկյան հատուկ ծառայությունները, օգտագործելով տարբեր հնարքներ, ծրագրում էին գողանալ գաղտնի տեղեկատվություն, որը Kaspersky լաբորատորիայի ծրագրային ապահովումն ուղարկում էր ընկերությունների սերվերներին»,- նշված է փաստաթղթերում:
The Intercept-ի փոխանցմամբ՝ հատուկ ծառայություններին հաջողվել է գողանալ օգտատերերի որոշ տվյալներ, որոնք փոխանցվում էին կորպորատիվ կապով, ընկերություն ուղարկվող նամակներով, ինչպես նաեւ նոր վնասաբեր ծրագրերի ցուցակներով:
Նշվում է, որ հակավիրուսային ծրագրային ապահովումների կոտրումն ավելի շատ հնարավորություններ է տալիս ինչպես սովորական օգտատերերին, այնպես էլ ընկերություններին հետեւելու համար: Սա պայմանավորված է նրանով, որ համակարգչային օպերացիոն համակարգերը հակավիրուսային համակարգերին տալիս են ավելի մեծ առավելություններ, քան այլ ծրագրերի: