Իգոր Արտեմեւը
11:48 | 12.06.15 | Նորություններ | 4753
ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) ղեկավար Իգոր Արտեմեւն ասել է, որ Մաքսային միության (ՄՄ) երկրներում ռոումինգը պետք է չեղյալ համարվի:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին Իգոր Արտեմեւն ասել է նախօրեին Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հինգ երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Ղրղըզստան եւ Բելառուս. այս տարածքում ընդհանրապես պետք է ռոումինգ չլինի»,- ասել է Իգոր Արտեմեւը:
Նա նշել է, որ ներկայում ռուսաստանյան օպերատորները բարձրացնում են միջազգային ռոումինգի սակագները:
«Միջազգային ռոումինգի սակագինը կախված է այն միացումներից, որոնք իրականացնում են միջազգային ընկերությունները: Իրականում, մենք կարծում ենք, որ մեր ընկերությունները ստում են: Նրանք եւս հինգ անգամ իրենց կողմից գին են բարձրացնում: Նրանք փորձում էին թաքցնել այդ տեղեկատվությունը ՄՄ երկրների հակամենաշնորհային մարմիններից: Նրանք զգալիորեն ավելացնում են իրենց մասնաբաժինը՝ ամբողջ պատասխանատվության մեղքը բարդելով միջազգային ընկերությունների վրա»,- նշել է Իգոր Արտեմեւը:
ԴՀԾ ղեկավարի խոսքով՝ ներկայում իրենց կառույցն ԱՊՀ տարածքում համապատասխան հետաքննություն է իրականացնում:
«Մենք օպերատորներին խստորեն զգուշացրել ենք՝ պետք է իջեցնել ռոումինգի սակագները: ՄՄ-ի տարածքում ռոումինգ չպետք է լինի, եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ ՄՄ-ի անդամ մյուս երկրների քաղաքացիներն այս տեսանկյունից պետք է գտնվեն նորմալ պայմաններում»,- ասել է նա՝ հավելելով, որ մյուս ուղղությունների սակագները եւս պետք է առնվազն երկու անգամ իջեցվեն:
Նշենք, որ անցած տարի հոկտեմբերին ԴՀԾ-ն ԱՊՀ երկրների, Ավստրիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի եւ այլ երկրների հակամենաշնորհային կառույցների հետ մշակել էր ճանապարհային քարտեզ՝ ռոումինգի սակագների իջեցման ուղղությամբ:
Itel.am-ը հարցի առնչությամբ համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ-ում գործող հեռահաղորդակցության օպերատորներին: