Նաիրա Նիկողոսյանը
10:26 | 12.06.15 | Նորություններ | exclusive 1140
ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ կնքված պայմանագրերը չեն ենթադրում, որ ՀՀ պետական մարմինները պետք է կիրառեն միայն «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրանքը:
Այս մասին Itel.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նարիա Նիկողոսյանը:
««Մայքրոսոֆթ» ընկերության հետ համաձայնագրի ստորագրմամբ նախատեսվում է, որ ՀՀ բոլոր պետական մարմինների, ինչպես նաեւ կրթական հաստատությունների կողմից ներկայում կիրառվող «Մայքրոսոֆթ»-ի ոչ լիցենզիոն ծրագրային փաթեթները պետք է փոխարինվեն «Մայքրոսոֆթ»-ի լիցենզիոն ծրագրային փաթեթներով: Սակայն նշվածը չի ենթադրում, որ ՀՀ պետական մարմինները պետք է կիրառեն միայն «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրանքը»,- ասել է Նարիա Նիկողոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում պետական մարմինների կողմից «Մայքրոսոֆթ»-ի արտադրանքի օգտագործումը կանոնակարգվում է միայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքով, ըստ որի՝ բոլորը պարտավոր են օգտագործել բացառապես արտոնագրված ծրագրային ապահովում:
Նարիա Նիկողոսյանը նաեւ տեղեկացրել է, որ ներկայում նախարարությունը մշակում է համապատասխան կարգ, որի հաստատումից հետո ՀՀ պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա սահմանված կարգով ՀՀ պետական մարմիններին կտրամադրվեն «Մայքրոսոֆթ»-ի լիցենզիոն ծրագրային փաթեթները:
Նա հույս է հայտնել, որ մասնավոր հատվածն ու անհատ սպառողները եւս կհետեւեն ՀՀ կառավարության օրինակին` կիրառելով բացառապես արտոնագրված ծրագրային ապահովում:
«Սա, ի վերջո, կնպաստի տարածաշրջանում Հայաստանի` որպես նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող եւ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը»,- հույս է հայտնել էկոնոմիկայի նախարարության ՏՏ զարգացման վարչության պետը:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունը ՀՀ-ում ՏՏ զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության եւ նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանի հետ Itel.am-ի հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ:
Նարինե Դանեղյան