16:32 | 09.06.15 | Նորություններ | 6547
Երեւանի կենդանաբանական այգում պաշտոնապես բացվել է Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ Երեւանի քաղաքապետարանը 2013թ. սկսել է Երեւանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որի առաջին փուլի շրջանակում այգում շուրջ 1 մլրդ դրամի շինարարական եւ դիզայներական աշխատանքներ են իրականացվել:
Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկել է այգում նախատեսվող խաղահրապարակի կառուցման շրջանակում ունենալ նաեւ ներառական խաղահրապարակ:
2015թ. ապրիլի 9-ին «Մարիոթ» հյուրանոցում անցկացվել է բարեգործական երեկո: Կենդանի, անձայն աճուրդների եւ ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 10 մլն դրամ, որը երեկոյի ավարտին կրկնապատկել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Ներառական խաղահրապարակի ստեղծումը կարեւոր է այն առումով, որ սահմանափակ կարողություններով երեխաներին թույլ է տալիս հավասարապես օգտվել խաղահրապարակի հնարավորություններից: Դա դրական ազդեցություն կունենա նրանց վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ տեսանկյունից՝ տալով նրանց հաղորդակցվելու եւ միմյանցից սովորելու, իրենց կարողությունները բացահայտելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն: Հաշվի առնելով այս ամենը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնության իրագործմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: