16:04 | 18.05.15 | Նորություններ | 5450
«Յուքոմ» եւ «Իդրամ» ընկերություններն այսօր ներկայացրել են U!Pay համատեղ վճարային համակարգը, որի միջոցով կարելի է մեկ վայրում կատարել բոլոր վճարումները:
Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ «Յուքոմ»-ի բաժանորդ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքից, այցելելով «Յուքոմ» ընկերության սպասարկման կենտրոն, կարող է կատարել կոմունալ եւ այլ տեսակի վճարումներ միեւնույն վայրից, միեւնույն համակարգով:
«Արդեն մի քանի ամիս է` U!Pay վճարային համակարգը ներդրված է մեր երկու սպասարկման կենտրոններում: Այսօրվանից համակարգը գործում է «Յուքոմ»-ի եւս 5 սպասարկման սրահում: Առաջիկայում նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունն ու ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով մասնաճյուղերում, այդ թվում՝ մեր մարզային կենտրոններում»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն ընդգծել է, որ իրենց ընկերությունը մշտապես կարեւորել է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը, մասնավորապես՝ բոլոր վճարումները մեկ վայրում իրականացնելու հնարավորությունը:
«Այդ չափանիշները մենք փորձում ենք ապահովել մեր շուրջ 15 մասնաճյուղերում. այսօր դրանց միանում է նաեւ U!Pay համակարգը»,- ասել է Սերգեյ Առաքելյանը:
U!pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները՝ կոմունալ վճարումներ, վարկերի մարում, բջջային հեռախոսի լիցքավորում, հարկերի, տուրքերի վճարումներ, ՃՈ տուգանքների վճարում, ավտոկայանման համար վճարում, սոցցանցերի հաշիվների լիցքավորում, ԱՊՊԱ պայմանագրի կնքում (վերակնքում), «Իդրամ» հաշվի լիցքավորում, բուքմեյքերական հաշիվների լիցքավորում, դրամական փոխանցումներ, էլեկտրոնային փողի փոխարկում:
Համակարգն այժմ գործում է «Յուքոմ» ընկերության «Հյուսիսային պողոտա», «Ամիրյան», «Արաբկիր 1», «Նոր-Նորք», «Վանաձոր», «Էրեբունի» եւ «Մալաթիա-Սեբաստիա» սպասարկման կենտրոններում: