10:27 | 14.05.15 | Նորություններ | 1473

«Թումո»-ում բացահայտում են գեղագրության գաղտնիքները

«Թումո» ստեղծածար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 12-ին կայացել է գեղագրության (Typography) «High on Type» բաց դասախոսությունը, որը վարել է «Գեղագրության եռյակ»-ը՝ Խիդո եւ Վինսենտ Դե Բոեր եղբայրները եւ Հանս Սխուտենբելդը:

Միջոցառման ընթացքում նրանք խոսել են իրենց փորձի, ոգեշնչման աղբյուրների եւ գրատպության ոլորտում անցկացրած հետազոտությունների մասին:

Itel.am-ի հետ զրույցում Վինսենտ Դե Բոերը նշել է, որ շատ տպավորված է դասընթացին մասնակցող պատանիների ոգեւորվածությունից:

«Նախկինում երբեք 12-15 տարեկան երեխաների հետ չեմ աշխատել: Ինձ համար սա նոր փորձ է: Տպավորիչ է հատկապես այն, որ հայ պատանիները սովորելու մեծ ցանկություն ունեն, խնդրում են շարունակել դասը անգամ դրա ավարտից հետո եւ անգամ հանգստային օրերին»,- ասել է Վինսենտ Դե Բոերը:

Նա տեղեկացրել է, որ «Թումո»-ի սաների համար անցկացվող երկշաբաթյա դասընթացը կամփոփվի մայիսի 16-ին ցուցահանդեսով, որի շրջանակում կցուցադրվեն իրենց եւ դասընթացին մասնակցած պատանիների՝ գեղագրությանը նվիրված աշխատանքները:

«Փորձել ենք նաեւ հայկական գեղագրությանը նվիրված նմուշներ պատրաստել: Հայաստանն այն եզակի երկրներից է որ առանձին այբուբեն ունի, եւ հայոց այբուբենի մի քանի ինտերպրետացիա ենք պատրաստել»,- նշել է Վինսենտ Դե Բոերը:

Այսօր՝ ժամը 21:00-ին, «Գեղագրության եռյակը» ելույթով հանդես կգա Միրզոյան գրադարանում: