16:36 | 13.05.15 | Նորություններ | 3832

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Այբ»-ում կայացել է ճարտարագիտական թեմայով սեմինար

Կրթության մեջ գործնական մեթոդների կիրառման նպատակով «Այբ» դպրոցում այսօր կայացել է «Ճարտարագիտական կրթություն. դպրոցից մինչեւ արտադրություն» թեմայով գիտագործնական սեմինար:

Սեմինարի կազմակերպիչներն էին «Այբ» կրթական հիմնադրամը, «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, LEGO® Education ընկերությունը, գործընկերները՝ ՀՀ ԿԳ նախարարությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Սեմինարի նպատակն էր օգնել ուսուցիչներին LEGO® Education-ի տեխնոլոգիաների միջոցով խթանել աշակերտների հետաքրքրությունը ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի հանդեպ եւ նրանց ներգրավել այս ոլորտներում:

«Արագորեն փոփոխվող ժամանակակից աշխարհում չափազանց կարեւոր է առաջընթացին համընթաց շարժվել բոլոր, այդ թվում՝ տեխնոլոգիաների ոլորտում: Դա հնարավոր կլինի, եթե դպրոցում ներդրվեն դասավանդման նորարարական, ստեղծագործականությունը խթանող մեթոդներ, իսկ երեխաները վաղ տարիքից ծանոթանան տեխնոլոգիական հնարավորություններին ու լուծումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ այն առնչվում է երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի՝ կրթությանը, տեխնիկական առաջընթացին եւ նորարարական մտածելակերպին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքով՝ 21-րդ դարի կրթությունը պետք է հնարավորություն ընձեռի երեխաներին սովորելու խնդիրներ լուծել եւ փորձարկումներ իրականացնել:

Ելույթ են ունեցել նաեւ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում LEGO® Education-ի կրթական ծրագրերի տնօրեն Օլգա Լոմբասը, «Կրթական ստեղծարար տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի նախագահ Ռուբեն Հարությունյանը:

Զեկույցներին հաջորդել են վարպետության դասեր՝  նախատեսված տարրական ու միջին դպրոցների ուսուցիչների համար: