15:42 | 12.05.15 | Նորություններ | 3054

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ժամանակավորապես դադարեցրել է մետրոյում անվճար Wi-Fi-ի տրամադրումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դադարեցրել է անվճար Wi-Fi ինտերնետի տրամադրումը Երեւանի մետրոպոլիտենում՝ մինչեւ երրորդ անձանց  կողմից իր ենթակառուցվածքին չարտոնված միջամտության հետ կապված խնդրի լուծումը:

Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի մետրոպոլիտենի տարածքում Wi-Fi անվճար ինտերնետ է տրամադրում 2012թ. օգոստոսից, որպեսզի մետրոյով երթեւեկող քաղաքացիներն ունենան հաղորդակցվելու եւ համացանցից օգտվելու հնարավորություն՝ գնացքին սպասելիս: Wi-Fi ինտերնետ ծառայությունը Երեւանի մետրոպոլիտենի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մշտապես մատուցվել է անվճար եւ առանց որեւէ նախապայմանի, այդ թվում՝ առանց ցանցին միանալու համար գովազդային բնույթ կրող որեւէ տեսանյութ դիտելու նախապայմանի»,- ասված է հաղորդագրությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավելում է, որ վերջերս երրորդ անձանց կողմից՝ առանց ընկերության հետ համաձայնեցնելու, միջամտություն է կատարվել ընկերության ենթակառուցվածքին՝ անվճար Wi-Fi ցանցին միանալ ցանկացող քաղաքացիներին առաջարկելով դիտել գովազդային տեսանյութեր՝ որպես Wi-Fi ցանցին միանալու անհրաժեշտ նախապայման:

Ընկերությունը վերը նշվածը գնահատում է որպես ապօրինի միջամտություն իր ենթակառուցվածքին եւ վերջինիս չարտոնված շահագործում՝ շահույթ ստանալու նպատակով:

«Հետեւաբար, ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնելու Wi-Fi անվճար ինտերնետի տրամադրումը՝ մինչեւ իր ենթակառուցվածքին չարտոնված եւ ապօրինի միջամտության վերացումը»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: