17:51 | 24.03.15 | Հոդվածներ | exclusive 1345

ArmGenocide1915. տեսամարտահրավեր սոցցանցերի ընկերներին

Հայ ծրագրավորողները գործարկել են ArmGenocide1915 կայքը, որը հնարավորություն է տալիս տեսահոլովակի միջոցով մարտահրավեր ուղարկել սոցցանցերի ձեր ընկերներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բարձրացնելով Մեծ եղեռնի մասին իրազեկվածության մակարդակը:

Կայքի հիմնադիրներն են ծրագրավորողներ Տիգրան Բայբուրցյանը, Վարդ Պապիկյանը եւ դիզայներ Վահե Սարգսյանը:

Itel.am-ի հետ զրույցում Տիգրան Բայբուրցյանը նշում է, որ այս նախագծի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է իր լուման ներդնել Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում:

«Նախ հրավեր եք ստանում Ձեր ընկերների կողմից, որից հետո նկարահանում եք տեսահոլովակ, ասելով մոտավորապես հետեւյալը՝ «Ես՝ ----- -------ս, ճանաչում եւ դատապարտում եմ 1915թ. Հայոց ցեղասպանությունը, իսկ դո՞ւ…»: Ապա այցելելով այստեղ, մուտք եք գործում կայք Facebook-ի կամ Twitter-ի օգտահաշվով, ներբեռնում տեսահոլովակը եւ նշում առավելագույնը 6 ընկերոջ»,- մարտահրավերի գործընթացը նկարագրում է Տիգրան Բայբուրցյանը:

Նա ընդգծում է, որ մեկ տեսահոլովակը կարող է շատ բան փոխել, քանի որ համաձայն «Վեց ձեռքսեղմումների տեսության»՝ երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանցից բաժանված է ծանոթների 6 մակարդակով։

«Երբ դուք ներբեռնում եք ձեր տեսահոլովակը եւ հրավիրում 6 ընկերների, իսկ նրանք իրենց ընկերներին եւ այսպես շարունակ՝ մինչեւ 6-րդ մակարդակ, արդյունքում ձեր տեսահոլովակի շնորհիվ 55 986 մարդ միանում է Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին»,- նշում է նա:

Տիգրան Բայբուրցյանը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում մարտահրավերը նետել այլ լեզուներով, որպեսզի ուղերձը ավելի մեծ թվով մարդկանց հասանելի լինի:

Նարինե Դանեղյան