17:13 | 19.03.15 | Հոդվածներ | exclusive 3121

Mathematics.am. օնլայն պայքար՝ թվերի շուրջ

Mathematics.am կայքը Կովկասում առցանց ռեժիմով Մաթեմատիկա սովորեցնող առաջին անվճար համակարգն է։ Այն նախատեսված է 4-րդից մինչեւ 12-րդ դասարանների աշակերտների համար։

Itel.am-ի հետ զրույցում համակարգի հիմնադիր Դավիթ Նիկողոսյանը պատմում է, որ համակարգից օգտվողները հնարավորություն են ստանում զարգացնել տրամաբանությունը, հիմնարար գիտելիքներ ստանալ մաթեմատիկայի վերաբերյալ եւ պատրաստվել քննություններին, այդ թվում՝ ընդունելության:

«Հայաստանում կան կրթական ուղղվածության մի շարք կայքեր, սակայն Mathematics.am-ը միակն է, որն առաջին հերթին անվճար է, նյութ է տրամադրում դպրոցականներին եւ նաեւ ստուգում, թե ինչքանով է երեխան յուրացրել այդ նյութը»,- նշում է նա:

2011-ից գործող համակարգում այս պահին գրանցված է շուրջ 5000 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից: Գրանցված աշակերտների թվով Երեւանից հետո երկրորդը Լոռու մարզն է, որին հաջորդում է Արմավիրը: Ինչ վերաբերում է աշակերտների առաջադիմությանը, ապա այս դեպքում եւս թոփ եռյակում փոփոխություններ չկան: Գրանցված երկրների վիճակագրությամբ առաջինը Հայաստանն է, որին հաջորդում են Վրաստանը եւ Ռուսաստանը:

«Աշակերտը երեւանյան դպրոցում մաթեմատիկայից 5 է ստանում, եւ մեկ ուրիշ երեխա այդ նույն գնահատականը ստանում է մարզի դպրոցում: Բայց եթե այդ երեխան սովորեր Երեւանում, հնարավոր է, որ նույն գնահատականը չստանար, քանի որ յուրաքանչյուր դպրոցում գնահատման առանձին համակարգ է կիրառվում: Այս հարթակում բոլորն առաջնորդվում են գնահատման նույն սանդղակով, եւ ստացած գնահատականը ճիշտ արտացոլում է աշակերտի ունակությունները»,- ընդգծում է Դավիթ Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ աշակերտները կայքից օգտվում են հիմնականում հանգստյան օրերին, եւ հենց այդ օրերին էլ կայքում պարբերաբար մրցույթներ են հայտարարվում: 



Դավիթ Նիկողոսյանը տեղեկացնում է, որ նմանատիպ մի մրցույթ կայանալու է ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին: Այն տեւելու է 1 ժամ, ունենալու է 10 խնդիր:

Mathematics.am-ից օգտվում են նաեւ արտասահմանում բնակվող հայ դպրոցականները:

«Համակարգը շատ խելացի է. եթե երեխան մի քանի անգամ սխալ է պատասխանում նույն հարցին եւ հետո՝ ճիշտ, համակարգը ֆիքսում է դա, եւ հետեւաբար՝ նվազեցնում տրամադրվող բալը: Ծնողները եւս հնարավորություն ունեն համակարգի միջոցով ստուգել իրենց երեխաների առաջադիմությունը: Ի դեպ, մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում բոլոր մասնակիցների մասին, կարելի է տեսնել, թե առարկայի որ բաժիններն է նա ավելի լավ յուրացրել, եւ որոնք՝ ավելի թերի»,- պատմում է նա՝ նշելով, որ հետագայում հաղթողները նաեւ խրախուսական մրցանակներ կստանան:

Անդրադառնալով Mathemetics.am-ի ստեղծմանը՝ Դավիթ Նիկողոսյանը պատմում է, որ 2009թ. մեկ այլ հարթակ է ստեղծել, որը նախատեսված էր ծրագրավորման բարդ խնդիրներ լուծելու համար: Սակայն հաշվի առնելով լսարանի փոքրաթիվ լինելը՝ որոշել է ստեղծել մեկ այլ՝ ավելի մասսայական հարթակ, որն օգտակար կլիներ շատ ավելի մեծ թվով մարդկանց: Հարթակի զարգացման վրա ներկայում աշխատում է Դավիթ Նիկողոսյանի ամբողջ ընտանիքը՝ կազմված ծրագրավորողներից եւ մաթեմատիկոսներից:

Կայքի հիմնադրի խոսքով` դպրոցների կողմից հետաքրքրությունը միանշանակ չէ: Կան դպրոցներ, որոնք հետաքրքրվել են եւ ներկայացրել համակարգն իրենց աշակերտներին, եւ կան դպրոցներ, որոնք հակառակը՝ չեն ցանկացել աշակերտներին իրազեկել կայքի մասին:

Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա Դավիթ Նիկողոսյանը նշում է, որ համակարգի զարգացումը նրանցից կախված չէ, սակայն ֆինանսավորում ստանալու դեպքում զարգացման տեմպերը զգալիորեն կարագանան:

Նարինե Դանեղյան