11:38 | 13.03.15 | Հոդվածներ | exclusive 7051

3D լուծումներ՝ հայկական ընկերությունից

Վերջին երկու տասնամյակում վիրտուալ իրականությունը գիտաֆանտաստիկ գրքերի էջերից տեղափոխվել է իրական կյանք՝ 3D տեխնոլոգիաների շնորհիվ:

Itel.am-ն անդրադարձել է Երեւանում գործող Interactive World («Ինտերակտիվ աշխարհ») ընկերությանը, որը 3D անիմացիոն բովանդակություն է ստեղծում այնպիսի նորարարական լուծումներով, ինչպիսիք են 3D Projection Mapping-ը, 3D հոլոգրաֆիկ բուրգը, թափանցիկ էկրանը, 3D խաղերի մշակումը եւ այլն:

Ընկերությունը 2010թ. սկզբին հիմնադրել է Տիգրան Բայրամյանը:

«Ցանկություն կար Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների կիրառման բացը լրացնել եւ արդյունքում ստացված լուծումները հասարակությանը ներկայացնել: Ունենալով ոչ ստանդարտ լուծումներով հանդես գալու գաղափար՝ տեսնում էինք, որ այդ ամենը հնարավոր է զարգացնել»,- պատմում է ընկերության տնօրեն Տիգրան Բայրամյանը:

Նա նշում է, որ այսօր նախագծեր են իրականացնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ղազախստանում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում:

«Երբ պատկերացում ունեք, թե ինչ կարելի է ստանալ եւ ինչի կարելի է հասնել, դժվարությունները մղվում են երկրորդ պլան: Սկզբում ունեցել ենք ներկրված պատրաստի պրոդուկտ, սակայն ժամանակի ընթացքում սկսեցինք առաջարկել սեփական արտադրության պրոդուկտները եւ ծրագրային ապահովումները, երբ զբաղվում էինք թափանցիկ էկրանների, հոլոգրաֆիկ բուրգերի արտադրությամբ, ինչին ժամանակի ընթացքում գումարվեցին նաեւ մյուս ծրագրային լուծումները»,- նշում է նա:

Ընկերության իրականացրած ծրագրերից է, օրինակ, 2012թ. ամանօրյա 3D պրոեկցիա շոուն Ազգային պատկերասրահի շենքի վրա:



Շուկայի մասին

Ընկերության տեխնիկական տնօրեն Լեւոն Հակոբյանը պատմում է, որ եթե 5 տարի առաջ ցանկանում էին Հայաստան տեխնոլոգիա ներմուծել եւ վաճառել, ապա այսօր Հայաստանում ստեղծում են այդ տեխնոլոգիան, մշակում եւ վաճառում:

Ընկերությունը Երեւանում իրականացրել է մի շարք նախագծեր, այսօր սակայն կենտրոնացած են արտաքին շուկաներում ներկայանալու ուղղությամբ: Ներկայացուցչություն ունեն Ղազախստանում:

«Ինքներս ենք որոշել, որ Ղազախստանը լավ շուկա է, գնացել ենք, բանակցել եւ սկսել գործունեություն ծավալել այդ երկրում: Այժմ նախագծերի մեծ մասն իրականացնում ենք Ղազախստանում ներկայացուցչության միջոցով: Եվս մեկ թանգարանային նախագիծ այս պահին իրականացնում ենք Ֆրանսիայում: Հայաստանում այս պահին ինտենսիվ չենք աշխատում, չնայած որ նախկինում մի շարք նախագծեր իրականացրել ենք»,- նշում է Լեւոն Հակոբյանը:

Գների մասին

Լեւոն Հակոբյանի խոսքով՝ թեեւ իրենց առաջարկած տեխնոլոգիաները թանկ արժեն, սակայն իրենք փորձում են հայկական շուկայի համար դրանք մատուցել ավելի ցածր գներով: Համագործակցում են նաեւ հայաստանյան թանգարանների հետ, եւ արդեն մի շարք ծրագրեր են իրականացրել: Դրանցից է Հովհ. Թումանյանի անվան թանգարանում` Վերնատան սենյակում, բանաստեղծի հոլոգրաֆիկ պատկերը: Նա քայլում է, թերթ կարդում, հանում իր գլխարկը եւ ողջունում այցելուներին:

Նոր տեխնոլոգիայի մասին

Ընկերությունը մշակել է ինտերակտիվ սրճարանի տեխնոլոգիա, որն առաջիկայում կհայտնվի շուկայում:

Լեւոն Հակոբյանը պատմել է, որ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա սրճարանի պատերի ներսում հայտնվել վիրտուալ աշխարհում:

«Այցելուները կկարողանան կառավարել այն ամենը, ինչ գտնվում է իրենց շուրջ: Օրինակ, երբ նրանք սեղանի ինտերակտիվ վահանակին մեկ անգամ դիպչելով կատարում են պատվերը` կարող են ծանոթանալ ճաշացանկին եւ ուտեստի բաղադրիչներին, միանալ առցանց խոհանոցին եւ հետեւել, թե ինչպես է խոհարարը իրականացնում իրենց պատվերը: Մինչ այդ, ժամանակ չկորցնելու նպատակով այցելուն կարող է հետաքրքիր ինտերակտիվ խաղի մասնակցել: Ավելին, կանգնելով՝ այցելուն անմիջապես կհայտնվի ինտերակտիվ հատակի վրա, որը, օրինակ՝ կարող է վերածվել ձկներով օվկիանոսի»,- պատմում է Լեւոն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այցելուները հպման միջոցով կկարողանան նկարել, խաղալ, դիտել նկարներ, նախընտրած տեսահոլովակներ եւ ֆիլմեր:

«Ինտերակտիվ տեխնոլոգիաները ռեստորանային բիզնեսի ապագան են: Այս տեխնոլոգիան ունի մեծ պահանջարկ, սակայն թանկ արժե: Իհարկե, գինը որոշվում է՝ կախված համակարգի բարդությունից: Նախատեսում ենք տեխնոլոգիան առաջին անգամ կիրառել Ղազախստանում այս տարվա ընթացքում»,- նշում է նա:



3D ճարտարապետական պրոեկցիա (մափինգ) - տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս տեսապատկեր արձակել տարբեր անհավասար մակերեսների վրա: Մափինգի օգնությամբ կարելի է շոու ծրագրեր կազմակերպել ինչպես փակ տարածություններում, այնպես էլ քաղաքի փողոցներում: Որպես կանոն, 3D մափինգը կիրառվում է շենքերի վրա պրոեկցիոն շոուներ հեռարձակելու նպատակով: Դրա համար յուրաքանչյուր շենքի ճակատային հատվածի համար ստեղծվում է անհատական 3D հոլովակ, որը արտացոլում է ճարտարապետական դետալները:

Նորագույն հպազգայուն (սենսորային) համակարգեր - նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ցանկացած մակերեւույթ կարելի է վերածել հպազգայուն (սենսորային) համակարգի (Touch screen system), oրինակ` խանութի ցուցափեղկը կարելի է արտացոլել հպազգայուն համակարգի միջոցով: Իրենց մեջ տեղեկատվություն պարունակող սենսորային ցուցափեղկերն ու էկրանները կարող են օգտագործվել ցանկացած հաստատությունում, որտեղ ցանկություն կա գրավել հաճախորդի ուշադրությունը: Օրինակ՝ առեւտրի կենտրոնում հպազգայուն մոնիտորի վրա կարելի է տեղադրել ինտերակտիվ քարտեր, ինչը կհեշտացնի հաճախորդների գործը:

Ինտերակտիվ հատակ - արտապատկերում է (պրոեկցիա) հատակին, որը վայրկենապես արձագանքում է ցանկացած տեսակի շարժմանը: Հայտնվելով ինտերակտիվ պրոեկցիայի տիրույթում՝ մարդը իր շարժումներով կենդանացնում է տեսապատկերը: Նրա թեմատիկ ձեւավորումը կարող է շատ տարբեր լինել. այն կարող է լինել վիրտուալ ֆուտբոլ, ծաղկեպատ ճանապարհ, ստորջրյա աշխարհ: Համակարգն ավտոմատ կերպով է միանում, եւ նրա աշխատանքի ընթացքում տեխնիկական սպասարկում չի պահանջվում:

3D հոլոգրաֆիկ բուրգ - սարք է, որը կարող է կոնստրուկցիայի ներսում 3D պատկերի առկայությամբ իլյուզիա ստեղծել: Տեխնոլոգիան հնարավոր է դարձնում ապակյա բուրգի մեջ ցանկացած ձեւաչափի տեղեկատվության 3D ներկայացումը: Տեխնոլագիայի կիրառումը շատ տարբեր է. սկսած յուրահատուկ ինտերիերի ստացումից մինչեւ գովազդային տեղեկատվության արդյունավետ տրամադրում նպատակային լսարանին:
Այն կարող է լինել տարբեր չափերի եւ ունենալ անհատական բովանդակություն: Հոլոգրաֆիկ բուրգի օգնությամբ հնարավոր է եռաչափ տեսահոլովակների եւ բազմատեսակ ապրանքների ու սարքավորումների բնութագրիչների ցուցադրում, օրինակ՝ բջջային հեռախոսներ, տեսախցիկներ, ծխախոտի տուփեր, սիգարներ, մանկական խաղալիքներ եւ այլն: 

Թափանցիկ էկրաններ - առանց լուսավորման լամպերի հեղուկ–բյուրեղային էկրաններ են: Դրանք սպիտակ գույնը փոխանցում են էկրանի թափանցիկ հատվածներին եւ թույլ տալիս փոխազդել իրական օբյեկտների հետ ինչպես վիրտուալ բովանդակության մի մասի հետ: Նրանց վրա պատկերը կարող է զբաղեցնել ինչպես էկրանի ամբողջ մակերեսը, այնպես էլ նրա մի մասը, ինչն էլ լրացուցիչ տեսողական էֆեկտներ է ստեղծում: Էկրանի առջեւ գտնվող մարդը կարող է տեսնել եւ՛ էկրանին երեւացող տեղեկատվությունը եւ՛ այն, ինչ կատարվում է վահանակից այն կողմ:

Նարինե Դանեղյան