12:56 | 16.03.15 | Հոդվածներ | exclusive 2095

Tsū. հայ օգտատերերի «պարապ վախտի խաղալիքը»

Վերջին օրերին հայ օգտատերերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Tsū սոցիալական ցանցը, որն իր ստացած եկամուտի մինչեւ 90%-ը կիսում է իր օգտատերերի հետ:

Եթե Հայաստանում միայն մի քանի օր է, ինչ խոսում են Tsū-ի մասին, ապա իրականում սոցցանցը ստեղծվել է դեռ երկու տարի առաջ՝ 2013թ. հուլիսի 1-ին, Evacuation Complete ընկերության կողմից:

Itel.am-ը փորձել է մանրամասներ պարզել աղմուկ բարձրացրած սոցցանցի մասին եւ ներկայացնել իր ընթերցողներին:

Մեխանիզմի մասին

Ինչպես Facebook-ի դեպքում, Tsū-ում եւս գրանցվելուց հետո օգտատերը ստեղծում է անհատական էջ, ընկերներ ավելացնում, հաղորդագրություններ գրում, ստատուսներ, նկարներ հրապարակում եւ այլն: Հիմնական տարբերությունը մյուս սոցցանցերից այն է, որ Tsū-ն հնարավորություն է տալիս իր օգտատերերին հրապարակած կոնտենտի դիմաց գումար վաստակել:

Սոցկայքը ձեզ հնարավորություն է տալիս հետեւել սեփական ակտիվությանը, ինչպես նաեւ վաստակած գումարին՝ վիճակագրության միջոցով: Կարող եք տեսնել, թե որքան like եք հավաքել, քանի անգամ են դիտել ձեր էջը կամ հրապարակումը, որքան գումար եք վաստակել օրվա ընթացքում:

«Օգտատերերը պետք է փոխհատուցում ստանան իրենց like-երի, նկարների եւ տարածած կոնտենտի համար: Դա պարզ է, եւ դա է ճիշտ տարբերակը: Tsū-ն օգտագործելիս դուք չեք անում ավելին, քան անում էիք մինչ այս պահը՝ այլ սոցցանցերում: Առաջին անգամ է, որ օգտատերը կարող է համարվել կոնտենտ ստեղծող եւ դրա դիմաց վճարվել»,- այսպես է մեկնաբանում Tsū-ն իր մոտեցումը:

Լայքել ամեն ինչ՝ առանց նայելու

Իհարկե, ձեզանից շատերն այս օրերին նոր սոցցանցում ընկերների «հավաքագրմամբ» եւ մեծ քանակությամբ լայքերի բաշխմամբ են զբաղված, սակայն սխալ է կարծել, որ այդ օգտատերերն իսպառ կջնջեն Facebook-ի իրենց օգտահաշիվները եւ մշտական «բնակություն կհաստատեն» Tsū-ում:

Տպավորություն է, որ նոր սոցցանցը մարդկանց գրավում է միայն գումար վաստակելու առաջարկով, հետեւաբար նրանք այստեղ կմնան այնքան ժամանակ մինչեւ սեփական փորձով կհասկանան, որ դա այնքան էլ հեշտ եւ արագ գործընթաց չէ: 

Ինչպես նշված է սոցցանցի էջում, վաստակած գումարը հնարավոր է ստանալ միայն այն ժամանակ, երբ այն կգերազանցի $100-ը: Թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, դժվար է ասել, սակայն Tsū-ում Itel.am-ի երկօրյա մոնիթորինգը պարզեց, որ դեպի «երանելի» $100 ճանապարհը հիմնականում բաղկացած է 0.15-ցենտանոց քայլերից, եւ անգամ այս արդյունքին հասնելու համար պետք է զորուգիշեր «նստել սոցցանցում»:

Այնպես որ նրանք, ովքեր լրջորեն մտադրվել են Tsū-ում գումար վաստակել, պետք է լինեն չափազանց համբերատար, համառ, թողնեն իրենց հիմնական աշխատանքը, առավոտից երեկո լայքեն գլխավոր էջին հայտնված ամեն ինչ եւ անընդհատ հետեւեն էջի աջ վերնամասում հաշվեկշռի թարմացումներին: Ի դեպ, դեռ անհասկանալի է, թե հայ օգտատերերն ինչպես են կանխիկացնելու իրենց վաստակացած գումարը, եթե այնուամենայնիվ, համառ գտնվեն եւ հասնեն $100 նշաձողին:

Իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ ցանցը չի ապահովում HTTPS, ինչը նշանակում է, որ օգտատերերի տվյալները հեշտությամբ կարող են գողանալ։

Չի կարելի

Tsū-ի «մոլի երկրպագուների» համար ստեղծվել են հետեւյալ սահմանափակող կանոները:

Ցանցում չի թույլատրվում՝

-36-ից ավելի հրապարակում 24 ժամվա ընթացքում,
-Ավելի քան 8 վերահրապարակում 24 ժամվա ընթացքում,
-Ուղարկված եւ դեռ չընդունված ավելի քան 50 ընկերության առաջարկ,
-Ավելի քան 1000 բաժանորդագրություն այլ օգտատերերի էջերի:

Tsū-ասեր երկրների մասին

Alexa վիճակագրական ընկերության վարկանիշի համաձայն՝ այս պահին Tsū-ն աշխարհում ամենաշատ այցելվող 2466-րդ կայքն է: Սոցցանցից օգտվողների թվով առաջատարը ԱՄՆ-ն է: Նրան հաջորդում են Հնդկաստանը, Ճապոնիան, Բանգլադեշը եւ Միացյալ Թագավորությունը:

Tsū-ն հասանելի է նաեւ AppStore-ում եւ Google Play-ում:

Նարինե Դանեղյան