17:04 | 05.03.15 | Նորություններ | 4331

Beeline-ն ամփոփել է 2014թ. արդյունքները

2014թ. Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 777 հազ-ը, ինչը 82 հազ-ով գերազանցել է 2013-ի տարեվերջի ցուցանիշը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ամփոփելով Beeline-ի անցած տարվա արդյունքները:

Նրա խոսքով՝ Beeline-ը 2014-ը եզրափակել է բջջային սեգմենտի բաժանորդային բազայի եւ բջջային ինտերնետի ծառայության հասույթի աճով եւ բաժանորդների արտահոսքի զգալի կրճատումով:

«Ընկերության բջջային ինտերնետի ծառայությունների ընդհանուր հասույթը 2014թ. կազմել է $6 մլն, ինչը $0.9 մլն-ով ավելին է 2013թ. շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթից: 2014թ. 4-րդ եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 10,9%, ինչը 1.5%-ով ցածր է 2013թ. 4-րդ եռամսյակի ցուցանիշից: 2014թ. ընկերության ֆիքսված կապի ծառայության ընդհանուր գործառնական հասույթը 2013թ. համեմատ նվազել է 6%-ով, ինչը պայմանավորված է ծառայության պահանջարկի գլոբալ նվազեցման միտումով»,- ասել է նա: 

Անդրեյ Պյատախինի խոսքով՝ 2014թ. Beeline-ն իրականացրել է $14 մլն-ի ներդրում, ինչը $3 մլն-ով գերազանցում է 2013թ. ներդրումները:

«Անցած տարին նշանակալի էր ընկերության զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումների աճով: Այդ ներդրումների շնորհիվ գործարկվել է FTTB (Fiber to the Building) տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետ ծառայությունը, շարունակվել են մարզերի թվայնացման եւ բջջային կապի բազային կայանների քանակի ավելացման աշխատանքները»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է բջջային բազային կայանների ընդհանուր թվին, ապա 2014թ. այն 2013թ. համեմատ ավելացել է 12%-ով, իսկ Beeline-ի կապիտալ ներդրումները 2014թ. 4-րդ եռամսյակում կազմել են $6 մլն: 

Հայաստանում Beeline-ի հարկային վճարումները 2014թ. գերազանցել են 14 մլրդ դրամը:

Անդրեյ Պյատախինը նշել է, որ 2014թ. Beeline-ի համար նշանակալի է եղել 3 խոշոր հաճախորդամետ նախաձեռնությունների մեկնարկով: Ընկերությունը մշակել է նոր ռազմավարություն՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը (NPS) եւ հաճախորդամետ ընկերության ձեւափոխմանը: Գործարկվել են «Պարզ, հարմար, քեզ համար» եւ «Իսկ որքա՞ն ես վճարում դու» մարքեթինգային ռազմավարությունները:  

«Հատկապես ցանկանում եմ շեշտել 2014թ. հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) ռեկորդային աճը, որը 2013թ. համեմատ ավելացել է 13%-ով: Բաժանորդային բազայի ավելացումը, բաժանորդների արտահոսքի նվազեցումը եւ նոր առաջարկների գործարկումը խոսում է մեր զարգացման ճիշտ ուղղության մասին եւ հաստատում այն, որ բաժանորդների համար մեզ հետ պարզ է եւ հարմար: Անցած՝ 2014-ը, մեզ համար դարձավ լուրջ փորձությունների տարի, որոնք մենք հաղթահարեցինք, սակայն 2015-ը լի է նոր միտումներով եւ հեռահաղորդակցության ոլորտը եւս բացառություն չէ: Նոր տարում հնարավոր են նաեւ գնային փոփոխություններ եւ օպտիմալացման ծրագրեր` կապված այլ երկրներում կապի գնային փոփոխությունների հետ»,- ասել է Անդրեյ Պյատախինը:
  
2014թ. Beeline-ն արժանացել է 5 մրցանակի՝ սեպտեմբերին 5-րդ ամենամյա դիվանագիտական եւ բիզնես ֆորումում Beeline-ը լավագույնն է ճանաչվել 2 անվանակարգերում՝ «Կապի ոլորտի առաջատար» եւ «Լավագույն օտարերկրյա ներդնող»:

Հոկտեմբերին Beeline-ը ճանաչվել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին՝ «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն»: Իսկ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվել է «Տարվա լավագույն ղեկավար»: