15:05 | 18.02.15 | Նորություններ | 1009

Հայ ծրագրավորողը iGaming-ի նոր հայեցակարգ կներկայացնի Թբիլիսիում

iGaming-ի (օնլայն ազարտային խաղեր) համար ծրագրային լուծումներ առաջարկող EveryMatrix ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Լեւոն Նիկողոսյանը կդասախոսի Թբիլիսիում՝ Georgia Gaming Congress-ի շրջանակում:

Georgia Gaming Congress-ը կկայանա փետրվարի 20-ին: «Մոխրագույն շուկաների մեծ պոտենցիալը» դասախոսության ընթացքում Լեւոն Նիկողոսյանը կներկայացնի iGaming-ի բիզնեսին նվիրված նոր հայեցակարգ: 

«Իմ ելույթը տարբերվելու է նրանով, որ գովազդելու ենք ոչ թե կոնկրետ ծրագիր, այլ ներկայացնելու ենք «մոխրագույն շուկաների» (Grey Market) նոր հայեցակարգ, որն աշխարհում առաջին անգամ է կիրառվում եւ մշակվել է մեր ընկերության կողմից: iGaming-ի «մոխրագույն շուկաներ» են համարվում այն քաղաքները, նահանգները կամ երկրները, որտեղ թեեւ խաղատների գործունեությունն օրենքով արգելված է, սակայն ինտերնետային խաղադրույքներն արգելված չեն»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Լեւոն Նիկողոսյանը:

Ազարտային խաղերի բիզնեսին նվիրված միջազգային կոնֆերանսին կմասնակցեն ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների իրական եւ օնլայն խաղատների, հյուրանոցների եւ տուրիստական բիզնեսի, բուքմեյքերական ընկերությունների սեփականատերեր, ներդրողներ:

EveryMatrix-ը գրասենյակներ ունի Եվրոպայում, Ասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: