17:40 | 12.02.15 | Նորություններ | 3971

Ձգտելու ենք պահպանել ռոումինգի գները, ասել է Beeline-ի փոխնախագահը

ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան այսօր Երեւանում ասել է, որ ընկերությունն անելու է հնարավոր ամեն բան, որ փոխարժեքի տատանումները նվազագույն ազդեցություն ունենան ռոումինգի գների վրա:

«Ռոումինգային ծառայությունների ինքնարժեքը գրեթե ամբողջությամբ կախված է արտասահմանյան օպերատորների սակագներից, որոնք արտահայտվում են արտարժույթով: Այսօրվա դրությամբ դա մեծ խնդիր է նաեւ Ռուսաստանի համար: Հուսով եմ, որ դրամի փոխարժեքն այդպես ցավալի չի իջնի Հայաստանում: Ներկայում ուսումնասիրում ենք տարբեր հնարավորություններ, բայց կաշխատենք անել այնպես, որ ազդեցությունը նվազագույն լինի: Մենք երկար պայքարեցինք, որ ռոումինգի ծառայությունները հասանելի լինեն, ու շատ կուզենայինք պահպանել այդ ձեռքբերումը»,- ասել է Անդրեյ Պատոկան:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության սահմաններում ռոումինգի ընդհանուր սակագների հաստատման հնարավորությանը՝ Անդրեյ Պատոկան ասել է, որ Beeline-ը տեղյակ է, որ կան նման քննարկումներ, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան:

«Դա մեծապես կախված կլինի այն բանից, թե ինչքանով կհաջողվի հավասարակշռել միջօպերատրային սակագները ընդհանուր տնտեսական միության սահմաններում` միասնական գնի հաստատման համար»,- ասել է նա:

Մեկնաբանելով ֆիքսված կապի օպերատորների համար MNP-ի (mobile number portability) ներդրման հարցը` Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասել է, որ բջջային համակարգում տվյալ համակարգի գործարկումը ցույց տվեց, որ ծառայությունը թույլ է տալիս ապահովել սպասարկման ավելի բարձր որակ հաճախորդների համար, սակայն քչերն են օգտվել այդ հնարավորությունից: