«ԱրմենՏել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
11:12 | 04.12.14 | Նորություններ | 3868
«ԱրմենՏել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն դիմել է լրագրողներին իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայաստանյան ինտերնետային որոշ միջոցների կողմից պատվիրված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում, որոնք կոչված են վարկաբեկելու անձամբ ինձ եւ «ԱրմենՏելի» որոշ ռուսաստանցի աշխատակիցների, ովքեր աշխատել են 2009-2013թթ.: Փաստացի, նպատակաուղղված տեղեկատվական պատերազմ է տարվում, որի նպատակն է բացասական կարծիք ձեւավորել ՌԴ քաղաքացիների մասին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործների, «գող-ավազակների» կերպար կերտել: Իսկ իրականում դա արվում է խնդիրների իրական աղբյուրներից հասարակական կարծիքը շեղելու, ավելի ճիշտ կլինի ասել՝ որոշ գործիչների «մութ գործերը» ծածկելու համար, ինչպես ԱրմենՏել-ում, այնպես էլ դրանից դուրս»,- ասվում է Կլիմկոյի հայտարարության մեջ:
«Դրա հետ մեկտեղ զարմանալի է, թե որտեղից են այդ ԶԼՄ-ները տեղեկություններ ստանում, այն դեպքում, երբ գոյություն ունի քննության գաղտնիություն: Սենսացիաներին կարոտ մյուս լրատվամիջոցներն առանց մտածելու վերահրապարակում կամ յուրովի մեկնաբանում են այդ տվյալները՝ սուտ կամ սխալ տեղեկատվություն տարածելով, ինչով օժանդակում են բացասական հասարակական կարծիքի ձեւավորմանը՝ մոռանալով, որ անմեղության կանխավարկածը դեռ ոչ ոք չի վերացրել: Այդ կապակցությամբ կուզենայի հայտարարել, որ ես մի քանի հայտեր եմ ներկայացնելու պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության հետ կապված զանգվածային մի քանի միջոցների դեմ, որոնք նախաձեռնում են նման հրապարակումները: Ուզում եմ նաեւ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ իրավապահ մարմիններն արդեն 4 ամիս է մերժում են իմ պաշտպանվելու իրավունքը` թույլ չտալով փաստաբաններին զբաղվել այս գործով: Դատարան հայտ եմ ներկայացրել պաշտպանվելու իմ սահմանադրական իրավունքը վերականգնելու պահանջով»,- հայտարարել է ԱրմենՏել-ի նախկին գլխավոր տնօրենը: